Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Հայ Առաքելական եկեղեցուն

Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Հայ Առաքելական եկեղեցուն: «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք՝ դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու կաթողիկոսի որոշումն ու իրեն վերականգնել նույն պաշտոնում:

Հայցադիմումը երեկ է դատարան հասել ու մակագրվել Արմավիրի մարզի դատավոր Էդգար Հովհաննիսյանին:

«Որևէ տնօրինություն, որևէ կոնդակ, որևէ որոշում՝ լինի ժողովական կամ անհատական, չենք համարում լեգիտիմ», - ասաց Գևորգ եպիսկոպոսը:

Մեկ շաբաթ առաջ էր Վեհափառը պաշտոնանկ արել վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ Սրբազանին՝ հիմնավորելով, որ նա թեմի քահանաների նկատմամբ ճնշումներ է գործադրել:

Եկեղեցու բարենորոգում կոչվող շարժմանը այս թեմի 24 քահանաներից 4-ը միացել էին: Գևորգ Սրբազանը կեղծիք էր համարել, թե ինքը ճնշումներ է գործադրել:

Ըստ փաստաբանի, հայցն իրավական տրամաբանությունից դուրս է

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի դիտարկմամբ՝ դարերով Վեհափառին վերապահված ոորշումները իրավական քննության թեմա չեն կարող դառնալ, հակասահմանադրական է, դուրս է իրավական ողջախոհությունից:

«Մայր Աթոռում աշխատում են բազմաթիվ աշխարհիկ կյանքով ապրող մարդիկ, որոնք աշխատանքային իրավահարաբերությունների մեջ են գտնվում Մայր Աթոռի հետ, ու եթե նման անձինք դիմեն դատարան իրենց աշխատանքային հարցերով, դա իրավաչափ կլինի ու նրանց վրա աշխատանքային օրենսդրությունը կտարածվի, սակայն այստեղ մենք գործ ունենք եկեղեցու ներքին կանոնակարգի, ներքին կարգավորումների հետ, հետևաբար այստեղ Աշխատանքային օրենսգիրքը որևէ անելիք չունի: Հայցն, իմ գնահատմամբ, իրավական տրամաբանությունից դուրս է ու լիահույս եմ, որ Հայաստանի դատարանները այնքան իրավական ողջախոհություն կունենան, որ կմերժեն», - նշեց փաստաբանը:

Ըստ Ֆարմանյանի, եպիկսկոպոսը ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ուխտով է կապված Վեհափառի ու Մայր Աթոռի հետ՝ ուխտի շուրջ վեճը ոչ թե դատարանում, այլ եկեղեցական ժողովներում է քննվում:

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Վեհափառի որոշումն ի սկզբանե չէր ընդունել և վկայակոչում էր, որ վարչապետն էլ է հայտարարում՝ Սարոյան եպիսկոպոսը շարունակում է մնալ թեմի առաջնորդ. «Կտրիճ Ներսիսյանը Կաթողիկոս չէ, հետևաբար նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը պաշտոնանկ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ պատարագի մասնակցեց

Եթե նախկին թեմի առաջնորդը իրեն թեմի առաջնորդ է համարում, ինչո՞ւ է դատարան դիմել ՝ Գևորգ եպիսկոպոսին այս հարցն էինք ցանկանում տալ, նա, սակայն, չարձագանքեց:

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին ու առաջնորդարանի տարածքը թեմի պաշտոնանկ արված առաջնորդի ու նրա թիմակիցների տիրապետության տակ են, շաբաթվա սկզբին «Ազատությունը» արձանագրել էր նաև՝ տարածքում ոստիկանության գվարդիայի մեքենաներ ու բազմաթիվ ոստիկաններ են: Ենթադրաբար թույլ չտալու, որ կաթողիկոսի կողմից թեմի առաջնորդական տեղապահ նշանակված Ռուբեն վարդապետ Զարգարյանը շենք մտնի, հասնի իր աթոռին:

«Եթե գործադիրի միջամտությունը չլիներ, այս պառակտումը եկեղեցու ներսում չէր գրանցվի»

Թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահի նստավայրը Դաշտավանի եկեղեցին է, ասաց, խնդիր չէ, իր գործն անում է թեմի 20 քահանաների հետ:

Հայր Ռուբենը չի կասկածում՝ պետության միջամտության վկայություն է այն, որ ոստիկանները Գևորգ սրբազանի աթոռի պահպանման գործն են ստանձնել. «Ընդհանրապես եթե գործադիրի միջամտությունը չլիներ, այս պառակտումը եկեղեցու ներսում պարզապես չէր գրանցվի»:

Մասյացոտնի թեմը այս պահին երկու անհավասար մասի է բաժանվել՝ մի կողմում թեմի նախկին առաջնորդն է նրան միացած 4 քահանաներով ու երկու եկեղեցիներով, մյուս կողմում առաջնորդական տեղապահն է՝ 20 քահանաների հետ: Ի դեպ, թեմը սոցցանցային հարթակում նաև երկու էջ ունի, երկուսն էլ ակտիվ տարածում են աստվածաշնչյան մեջբերումներ: