Գերիների վերադարձը վարձկանների դիմաց չէ. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Երևանը 4 հայ գերու վերադարձի դիմաց չէ Սիրիային փոխանցել Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրացի երկու վարձկաններին։
Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին հայկական կողմը 44-օրյա պատերազմի ընթացքում էր գերեվարել: Նրանք երեկ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին։
«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն: Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ և այդ թվում՝ մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտն ավելի նպաստավոր կդարձնի», - այսօր ճեպազրույցում ասաց Փաշինյանը:
Թե ինչու հայ գերիների ու սիրիացի վարձկանների վերադարձի մասին հայտարարվեց նույն օրը՝ գրեթե նույն ժամին, վարչապետը չբացատրեց: Ավելի վաղ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր պնդել, թե հայ գերիներին փոխանակելու են սիրիացի վարձկանների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում բանտարկված սիրիացի վարձկանների փոխանակումը՝ քննարկման առարկաԳերությունից վերադարձածներից երեքի առողջական վիճակը բավարար է
Երեկ 4 գերիները՝ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիֆ Խաչատրյանը և Վիգեն Էուլջեքյանը, Լաչինի Հակարիի կամրջով տեղափոխվեցին Հայաստան։ Նրանք Երևանում անցել են բժշկական զննություն։ Դավիթ Դավթյանի, Վիգեն Էուլջեքյանի ու Գևորգ Սուջյանի առջողական վիճակը, ըստ Առողջապահության նախարարության, բավարար է։ Գերատեսչությունից հայտնում են, որ 4-ից միայն 70-ամյա Վագիֆ Խաչատրյանն է այս պահին բժշկական կենտրոնում։ Խաչատրյանը երեկ տեղափոխվել էր Երևանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վագիֆ Խաչատրյանի վիճակը նորմալ է, ուրախ է. առողջապահության նախարար2023-ին Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան վիրահատության էր գալիս Կարմիր խաչի մեքենայով, երբ ադրբեջանցի ուժայինները կանգնեցրել էին մեքենան ու նրան գերեվարել:
«Հայաստան տեղափոխված մեր 4 հայրենակիցներից 3-ն անցել են համապատասխան հետազոտություններ, և առողջական վիճակը գնահատվել է բավարար, չեն հոսպիտալացվել, Վագիֆ Խաչատրյանը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Երեկվանից սկսած անցնում է բոլոր հետազոտություններով, ստանում է համապատասխան իրավիճակին բուժօգնություն», - «Ազատությանը» հայտնեց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Ազատության» տեղեկություններով՝ գերիներից 2-ը՝ Վիգեն Էուլջեքյանն ու Դավիթ Դավթյանը, այսօր Զինվորական քննչական գլխավոր վարչությունում էին՝ հարցաքննության։ Արդյոք առավոտից մեկնարկած հարցաքննությունն ավարտվել է՞, թե՞ ոչ. Քննչական կոմիտեից չեն մանրամասնում՝ զերծ մնալով որևէ մեկնաբանությունից։
Մինչդեռ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն, այսօր դուրս գալով Զինվորական քննչական գլխավոր վարչության շենքից, հայտնեց, որ հանդիպել է Վիգեն Էուլջեքյանին՝ մանրամասնելով. - «Առողջական խնդիր ունի՝ մեջքի դիսկի պրոբլեմ, վիզն էլ ֆիքսատորի մեջ է: Դա երևի հետագայում վիրահատվելու անհրաժեշտություն կունենա: Տրամադրությունը լավ է, ուրախ է, երջանիկ է, որ Հայաստանում է: Ուզում է մնալ Հայաստանում, որը շատ կարևոր է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորս գերի է Ադրբեջանից վերադարձել Հայաստան, երկու սիրիացի վարձկաններ են հանձնվել ՍիրիայինՎիգենի կինը՝ Լինդա Իմանը, Բեյրութից այսօր առավոտյան է ժամանել Երևան։ Նա օդակայանում շփոթված ու հուզված էր, անհամբեր սպասում էր ամուսնու հետ հանդիպմանը. «Երեխաները չափազանց ուրախ են և չեն հավատում, որ սա իրականություն է»:
Ասաց՝ տղան խոստացել է, որ երբ հայրը վերադառնա Լիբանան, պսակադրվելու է:
Լինդան ու Վիգենը հանդիպեցին ավելի ուշ: Դա պարզ դարձավ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի տարածած տեսանյութից, որում հուզված ու կարկամած ամուսինները գրկախառնված էին՝ ավելի քան 5 տարվա բաժանումից հետո:
Մյուս գերիների հարազատներն էլ են արդեն տեսակցել իրենց հարազատներին։
Գևորգ Սուջյանի կինը Ֆեյսբուքում գրել է. «Շնորհակալ եմ Տե՜ր, այս խաղաղ օրվա համար, շնորհակալ եմ այս օրհնության համար, որ պարգևեցիր ինձ և լսեցիր մեր աղոթքները»։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանն էլ գրել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ»։
Գերիների հարազատներն առայժմ խուսափում են լրագրողների հետ շփվել: