Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։
Այսօր ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։ Այն վերաբերում է կաշառք ստանալուն, գումարների վատնմանը, գույքի ապօրինի օտարմանը և գումարի հանցավոր ծագումը քողարկելուն։
Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ նշելով, որ իրականացվել են խուզարկություններ:
ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանական թիմը պնդում է, որ 71-ամյա Խաչատրյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել քննչական գործողություններին: Սա ապացուցելու համար փաստաբանները ավելի վաղ տեղի ունեցած գործողություններից տեսանյութեր են հրապարակել, որոնցից մեկում Խաչատրյանին անկողնուց տեղափոխում են պատգարակի վրա, մյուսում պատգարակով ենթադրաբար դատարանում է:
Մինչդեռ, Գլխավոր դատախազությունը պնդում է, որ «հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար»։