Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում, հայտնում է Գլխավոր դատախազությունը: Այն վերաբերում է կաշառք ստանալուն, գումարների վատնմանը, գույքի ապօրինի օտարմանը ևգումարի հանցավոր ծագումը քողարկելուն։

Մասնավորապես՝

  1. «Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացում և դրա դիմաց գույքի ձեռքբերում,
  2. «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում՝ ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնում,
  3. Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմա,
  4. Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու եղանակով:

Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ֆինանսների նախկին նախարարից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.

  • 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում,
  • 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն,
  • 14 շարժական գույք,
  • շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր,
  • շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ,
  • շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,
  • շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:

Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ նշելով, որ իրականացվել են խուզարկություններ:

Քննչականը հունիսի սկզբին հայտարարել էր, որ դեռ կրթության նախարար եղած տարիներին Արմեն Աշոտյանը այնպես է արել, որ Երևանի Բրյուսովի համալսարանին պատկանած անշարժ գույքն օտարվել է այն ժամանակ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն: Ընդ որում, գույքի արժեքը 208 միլիոն դրամ էր: Ըստ Քննչականի, գույքի ծագումը թաքցնելու նպատակով այն նախ ձևակերպվել է Խաչատրյանների մտերիմի անունով, հետո մոտ երեք անգամ էժան՝ 75 միլիոն դրամով վաճառվել Գագիկ Խաչատրյանի որդուն: Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը աբսուրդ է որակել մեղադրանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿՆոր գործեր նախկին պաշտոնյաների դեմ