Դոնալդ Թրամփի վարչակազմն Ուկրաինային հասկացրել է, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ կտրամադրի, միայն երբ Կիևը համաձայնի խաղաղության պայմանագրին, որով, հավանաբար, կպահանջվի ողջ Դոնբասը զիջել Ռուսաստանին, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ ութ աղբյուրի:
Ըստ բրիտանական հեղինակավոր թերթի՝ Վաշինգտոնը նաև ակնարկել է, որ կարող է Ուկրաինային ավելի շատ զենք առաջարկել՝ խաղաղ ժամանակ բանակը հզորացնելու համար, եթե այն համաձայնի զորքը դուրս բերել իր վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջաններից:
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան Financial Times-ին ասել է, որ Կիևը սկսել է կասկածել, թե Վաշինգտոնն առհասարակ մտադիր է անվտանգության երաշխիքներ տալ, քանզի ամեն անգամ, երբ հնարավոր է ստորագրել փաստաթուղթը, որը ըստ Կիևի լիովին պատրաստ է, ԱՄՆ-ն դադարեցնում է բանակցությունները: Հետևաբար, Ուկրաինան ցանկանում է երաշխիքներ ստանալ նախքան որևէ տարածք զիջելը։
Միաժամանակ, ԱՄՆ դիրքորոշմանը ծանոթ աղբյուրներից մեկը թերթին ասել է, որ Վաշինգտոնը «չի փորձում որևէ տարածքային զիջում պարտադրել Ուկրաինային»: Անվտանգության երաշխիքները կախված են նրանից, թե արդյոք երկու կողմերն էլ կհամաձայնեն խաղաղության համաձայնագրին, ասել է աղբյուրը:
Սակայն, ըստ Financial Times-ի, Վաշինգտում ևս կարծիքներ կան, որ Ուկրաինան պետք է զիջի Դոնբասը, որպեսզի պատերազմն ավարտվի, հետևաբար չեն ճնշում Վլադիմիր Պուտինին, որպեսզի հրաժարվի տարածքային այս պահանջից:
Մինչդեռ Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալ Աննա Քելլին հերքել է, թե ԱՄՆ-ն նման բան է պարտադրում Ուկրաինային:
«Սա բացարձակապես սուտ է. խաղաղության հաստատման գործընթացում Միացյալ Նահանգների միակ դերը երկու կողմերին միավորելն է՝ համաձայնության գալու համար», - ընդգծել է Քելլին:
Սպիտակ տան խոսնակն էլ ասել է, որ նախագահ Թրամփը չի հրաժարվում Ուկրաինայում խաղաղության գործընթացից:
«Նախագահը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել, և ... նրա թիմը իսկապես միավորել է այս պատերազմի երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ՝ նրանց խաղաղությանը մոտեցնելու համար», - հայտարարել է Քերոլայն Լևիթը:
Չնայած Սպիտակ տան հերքմանը՝ Վլադիմիր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևն այսօր սոցցանցում գրել է, որ Դոնբասից ուկրաինական զորքի դուրսբերումն է խաղաղության տանող ուղին:
Եվ մինչ Վաշինգտոնից ու Մոսկվայից հակասական լուրեր են ստացվում Դոնբասի շուրջ, Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում հայտնել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս կիրակի: Վլադիմիր Զելենսկին դարձյալ ընդգծել է՝ իրական դիվանագիտական արդյունքներ են անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանը բանակցությունները չօգտագործի ճնշման ենթարկվելուց խուսափելու համար:
«Իսկ ճնշումն անհրաժեշտ է։ Պատերազմը դադարեցնելու համար հենց ճնշումն է արդյունավետ, դրա հետևանքները, պատժամիջոցների արդյունքը, ռուսական գործողությունների արգելափակման արդյունքը։ Մեր գործընկերները չպետք է մոռանան սա», - պնդել է Զելենսկին:
Այսօր էլ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը պետք է ավարտվի մինչև 2027 թվականը, հավելելով, որ Կիևը դաշինքին միանալը իր անվտանգության երաշխիքների մաս է համարում: Ուկրաինայի առաջնորդը հույս է հայտնել, որ գործընկերները կսատարեն իրենց դիրքորոշումը:
Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է հարվածները: Գիշերն անօդաչուներով զանգվածաբար հարվածել է Օդեսային, կա երկու զոհ, 20-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ երեխաներ: Մասամբ ավերվել է բազմահարկ շենք, վնասվել են նաև էլեկտրակայան, մանկապարտեզ: Սլավյանսկում ռուսական հարվածից ամուսիններ են սպանվել, մեկական զոհ էլ կա Զապորոժիեում և Խերսոնում:
Ուկրաինայի պետական նավթագազային ընկերությունը հայտարարել է, որ ռուսական զինուժն այս ամսվա ընթացքում արդեն 15-րդ անգամ է հարվածել է իր ենթակառուցվածքներին: Ռուսական հարվածներից Խարկովի 80 տոկոսն առանց էլեկտրաէներգիայի է մնացել:
Կիևում ևս դեռ բազմաթիվ շենքեր էլեկտրաէներգիա և ջեռուցում չունեն: Թաղամասերից մեկում կամավորները շարժական խոհանոց են տեղադրել, որտեղ բնակիչներին տաք ըմպելիքներ, սնունդ են առաջարկում:
Ռուսական կողմը հայտնել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել: Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքով՝ ռուսական զինուժն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով, հունվարին ուկրաինական 17 բնակավայր է վերցրել և վերահսկողության տակ առել ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք:
Կիևը ռուսական կողմի այս պնդումները չի մեկնաբանում: