Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել Լիբանանում Իսրայելի ռազմական գործողության ընդլայնման կապակցությամբ:
«Իսրայելական գործողությունների այդ երկարաձգումը, այդ հարձակումը հակասում է Իսրայելի պարտավորություններին (կրակի դադարեցման մասին համաձայնության շրջանակում. - խմբ.), միջազգային իրավունքին և Իսրայելի շահերին ու անվտանգությանը», - Le Monde-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բարոն և պնդել, որ Իսրայելը «լուրջ սխալ» է գործել:
Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը հաջորդել է իսրայելական զորքերի կողմից Լիբանանի հարավում Բոֆորի պատմական ամրոցի գրավմանը, որը, ինչպես ՑԱՀԱԼ-ն է պնդում, օգտագործվել է որպես «Հեզբոլա»-ի հենակետ:
«Հեզբոլա»-ն ահաբեկչական խմբավորում է ճանաչված ԱՄՆ-ի ևԻսրայելի կողմից, Եվրամիությունը ահաբեկչական է ճանաչում «Հեզբոլա»-ի ռազմական թևը, սակայն ոչ կուսակցությունը:
Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածները Լիբանանում 3 հազար 371 մարդու մահվան պատճառ են դարձել։