Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ լիբանանցի շտապօգնության 6 աշխատակիցներ են զոհվել Լիբանանի հարավում Իսրայելի կողմից 24 ժամվա ընթացքում հասցված երկու հարվածների հետևանքով:
Իսրայելական կողմը հայտնել է, թե հարվածներ են հասցրել «Հեզբոլաի» ենթակառուցվածքներին:
Լիբանանի ֆինանսների նախարարը Reuters-ին ասել է, որ պատերազմի հետևանքով, ըստ կանխատեսումների, այս տարի երկրի տնտեսությունը կկրճատվի առնվազն 7 տոկոսով, իսկ պատճառված վնասը կարող է մոտ 20 միլիարդ դոլարի հասնել։
Նախարարը նաև ասել է, որ Լիբանանը հիմա մեծապես կախված է վարկերից և օգնությունից, թեև շեշտել է՝ շատ դրամաշնորհներ և օգնություն չեն ստանում։
«Որքան երկար տևի այս ճգնաժամը, այնքան ավելի խորը հետք դա կթողնի Լիբանանի վրա»,- ասել է նա։
Իսրայելը Լիբանանի վրա հարձակումն սկսեց, երբ «Հեզբոլա»-ն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի երրորդ օրը՝ մարտի 2-ին, հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պաշտպանություն Իրանի։ Պատերազմի հետևանքով Լիբանանում սպանվել է ավելի քան 3 հազար 100, վիրավորվել՝ ավելի քան 9 հազար մարդ։ Հազարավոր մարդիկ տեղահանվել են: