Երկուշաբթի օրը Միջազգային քրեական դատարանում մեկնարկում է Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դատավարությունը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Հաագայի դատարանում Դուտերտեին երեք կետով մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել՝ 2011-2018 թվականներին կատարված սպանությունների և սպանության փորձերի համար: Ըստ դատախազության՝ նա հիմնել և զինել է մահապատիժներ իրականացնող ջոկատներ, որոնք սպանել են շուրջ 30 հազար մարդու:
Դուտերտեն Ֆիլիպինների 16-րդ նախագահն է և պաշտոնավարել է 2016-2022 թվականներին: Մինչև նախագահ դառնալն էլ նա արդեն հայտնի էր «Պատժող» մականվամբ՝ հայրենի Դավաոյում շուրջ երկու տասնամյակ որպես քաղաքապետ պաշտոնավարելիս թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ կոշտ քաղաքականության համար: Թմրամիջոցների դեմ իր հայտարարած պատերազմում նա խոստացել էր մի կողմ դնել մարդու իրավունքները, «սպանել» հանցագործներին և նրանց դիակները թափել Մանիլայի ծովածոցում, ինչը և, ըստ դատախազների, արել է:
2025 թվականի մարտի 7-ին Միջազգային քրեական դատարանի դատավորները Դուտերտեի կալանքի գաղտնի հրաման են արձակել, չորս օր անց Ֆիլիպինների պաշտոնյաները կատարել են այն և նախկին նախագահին օդանավով ուղարկել Նիդերլանդներ:
Դուտերտեի դուստր Սառան երկրի փոխնախագահն է, որին պաշտոնանկություն է սպառնում: Նրա պնդմամբ՝ դատավարությունը քաղաքական դրդապատճառներ ունի:
Ձերբակալությունից առաջ Դուտերտեն տարիներ շարունակ հանդես էր գալիս ՄՔԴ-ի դեմ քամահրական, հայհոյախառն ելույթներով: 2019-ին նա միակողմանիորեն դուրս էր բերել Ֆիլիպինները Հաագայի դատարանի հիմնադիր պայմանագրից՝ ի պատասխան միջազգային ատյանի կողմից իր նախագահության օրոք սիստեմատիկ սպանությունների վերաբերյալ պնդումների քննության:
Ռոդրիգո Դուտերտեն կդառնա առաջին ասիացի նախկին ղեկավարը և որևէ պետության երկրորդ նախկին ղեկավարը, ով կկանգնի Միջազգային քրեական դատարանի առջև իր իշխանության օրոք կատարած առերևույթ հանցագործությունների համար, նշում է Reuters-ը: