Եվրախորհրդարանն այսօր հաստատել է Ուկրաինային առաջիկա երկու տարում 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը: Որոշմանը կողմ է քվեարկել 458, դեմ՝ 140 պատգամավոր, ձեռնպահ՝ 44-ը:
«Այսօրվա կարևոր քվեարկությունը, որով հաստատվեց 90 միլիարդ եվրոյի վարկը, Ուկրաինային կենսական աջակցություն է տրամադրում»,- սոցցանցում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
«Ուկրաինային աջակցությունը հիմնված է փոքր թվով երկրների վրա, և մեծ մասը՝ Եվրոպայից», - քվեարկությունից առաջ հայտարարել է կենտրոնամետ պատգամավոր Նատալի Լուազոն։ «Մեզ համար պատիվ է, և սա մեր շահերից է բխում, քանզի մեր անվտանգությունն է վտանգված»,- հավելել է նա։
30 միլիարդ եվրոն Կիևը կստանա որպես մակրոֆինանսական օգնություն կամ պետբյուջեի աջակցություն, իսկ 60 միլիարդը կհատկացվի երկրի պաշտպանական կարողությունները հզորացնելու, ռազմական տեխնիկա գնելու համար, որպեսզի դիմակայի ռուսական ագրեսիային:
Զենք գնելիս Ուկրաինան պետք է նախապատվությունը տա տեղական արտադրողներին, ԵՄ-ի, Եվրոպական տնտեսական գոտու և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի մատակարարներին, պարզաբանել է Եվրախորհրդարանը։
ԵՄ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինան վարկը պետք է վերադարձնի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը փոխհատուցում վճարի պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառած վնասի համար։