Եթե ասեմ՝ «այդ ուժերը» կանցնեն ԱԺ, նշանակում է՝ մտքվս անցկացնեմ՝ ՀՀ-ում էդքան «շուն ու շանգյալ» կա. վարչապետ

Կառավարության անցած տարվա ծրագրի քննարկումն այսօր ամփոփեցին պատգամավորներն իրենց ելույթներով, իսկ վերջին խոսքը վարչապետինն էր: Մոտեցավ ամբիոնին և արձանագրեց՝ կրկին «նախկիններ և ներկաներ» բանավեճ դարձան խորհրդարանական եռօրյա քննարկումները: Բայց Փաշինյանը դժգոհ չէր, ասաց՝ մի նոր շերտ է բացահայտել այս վեճից:

«Այս քննարկումը նաև ակնհայտ դարձրեց և նրբություններ բացահայտեց, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ նույն նախկինների եռագլուխ կուսակցությունն է, որովհետև այն, ինչ որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է: Այդ կոալիցիայի մեջ էին ԲՀԿ-ն, «Դաշնակցությունը», «Հանրապետականը»», - ասաց նա:

Մինչև այս ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ պատերազմ, աղետներ բերողը եղել է հենց Նիկոլ Փաշինյանը, և նրա վերընտրվելու դեպքում, պնդեց, նույնը կկրկնվի:

«Եռագլուխ բառը երևի շփոթել եք, գոնե պիտի ասեք բազմագլուխ, որովհետև ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում ճնշող մեծամասնությանը հասարակության դարձնել ընդդիմադիր։ Եվ եթե այդ ճնշող մեծամասնությունը, Դուք հայտարարում եք, որ պատերազմի կուսակցության անդամներ են, ուրեմն փոխեք այդ թիվը, շատացրեք»:

Փաշինյանը քննադատում էր ընդդիմադիրներին մարդկանց վիրավորելու համար, մեջբերումներ անում Հակակոռուպցիոն կոմիտեի երեկ հրապարակած ձայնագրությունից, որը վերագրվում է ընդդիմությանը. «Նախ այն ընդդիմադիր ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով ժեխ, շուն ու շանգյալ, բոշա, այսինքն՝ իրենք մարտահրավեր են նետում, որ իրենց ձայն տվող մարդը պիտի ինքն իրեն հայտարարագրի որպես ժեխ, շուն ու շանգյալ ու բոշա»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընտրակաշառքի գործով 2-ն ազատ են արձակվել, 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել

Քննադատելուն զուգահեռ Նիկոլ Փաշինյանն էլ նույն բառապաշարը օգտագործեց, չթաքցրեց՝ առաջիկա ընտրություններին մասնակցող դերակատարներին անգամ որպես ընդդիմություն չի ցանկանում տեսնել խորհրդարանում. «Եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ի՞նչ, կարող է «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, Ուժեղ ՀՀԿ-ն, «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկի»։

Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ընտրողներին հիշեցրին կառավարության 2021-26 թվականների ծրագրի մասին, թե Նիկոլ Փաշինյանն ինչ խոստումներ է տվել, և ինչ պատկեր կա հիմա: Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ այդ երկու փաստաթղթերի միջև որևէ կապ չկա:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ձեզ բազում խոստումներ են տալիս, ինչպես տվել են հինգ տարի առաջ։ Երկու օր առաջ խոստովանեց, որ չի կատարել ու էլի չի կատարելու, որովհետև դուք ուզել եք մի բան, ինքն առաջարկել է ուրիշ բան, 21 թվականին ձեզ հաջողեցրեց մոլորեցնել։ 26-ին էլ ե՞ք մոլորեցվելու։ Վստահ եմ, որ ոչ», - ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ-ում մեկնարկեց կառավարության ծրագրի 2025-ի կատարման ընթացքի մասին զեկույցի քննարկումը

Քննադատությունը շարունակեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Դուք ասում եք՝ եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու։ Պատերազմը լինելու է ինչ-որ բանի համար, չէ՞, եթե լինի։ Ինչ-որ բանի համար՝ Ադրբեջանը, միջանցք, տարածքներ, Սահմանադրության փոփոխություն։ Եթե դուք լինեք, չի լինելու։ Դա նշանակում է՝ Դուք պայմանավորվել եք, որ առանց պատերազմի եք այդ ամեն ինչը տալու։ Դրա համար ես կոչ եմ անում մեր ժողովրդին, որ թույլ չտանք՝ 2026 թվականին էլ այս շարունակական անհաջողությունները լինեն։ Միասնական ընդդիմությունը, որը իրավունք ունի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, պետք է գնա այդ քայլին՝ թույլ չտալ վերարտադրվելու այս իշխանություններին»:

«Պարզ չէ՞, որ ունենք պայմանավորվածություններ։ Այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն էլ վավերացված է այդ պայմանավորվածությունների։ Բա հենց դա է, որ ձեր ամբողջ քաղաքականությունն այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության և կայունության անկյունաքարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց, խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու են», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունն առհասարակ քննարկմանը չմասնակցեց: