Երկու ամսում՝ երեք զոհ բանակում

Այս անգամ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի զորամասերից մեկում: Նախնական տվյալներով՝ 19-ամյա Նարեկ Հակոբյանին սպանել է ծառայակիցը, որը ձերբակալված է: Քննչականը սպանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, առաջիկայում նրան մեղադրանք կառաջադրի ու կդիմի դատարան՝ կալանավորելու:

Զինվորը Աբովյան քաղաքից էր, ավարտել էր թիվ 5 հիմնական դպրոցը: Նրա մահը սգում է ողջ դպրոցը, կիսում ծնողների վիշտը՝ նշված է դպրոցի ֆեյսբուքյան էջում, որտեղ Նարեկն է զինվորական հագուստով. «Իր կարճ կյանքի ընթացքում Նարեկը եղել է լավ աշակերտ ու ընկեր, նվիրված որդի, վայելել է ընկերների, ուսուցիչների հարգանքն ու համակրանքը: Նրա ժպիտը և մարդկային ջերմությունը կմնան մեր սրտերում և հիշողություններում»:

Թե ինչ խնդիրներ են եղել բանակում, ինչի հետևանքով երիտասարդը զրկվեց կյանքից, իրավապահները չեն մանրամասնում:

Իրավապաշտպանն այս վիճակագրության առաջին մեղավորներին համարում է բանակի ղեկավարությանն ու իրավապահներին

Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանը զայրացած է իշխանության վրա, որը, նրա գնահատմամբ, ի վիճակի չեղավ բարեփոխել զինված ուժերը, վերացնել այնտեղ տիրող, կյանքեր խլող փողոցային բարքերը:

«Երբ ծանոթանում ես քրեական նյութերին, բանակի ամբողջ վիճակը, կրիմինալ մթնոլորտն անմիջապես շատ պատկերավոր երևում է, որն արտացոլվում է այդ քրեական գործերում, ու դու տեսնում ես, թե ներսում ինչ է կատարվում», - նշեց իրավապաշտպանը:

Փետրվարի սկզբին էլ բանակում մահացել էր 22-ամյա պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանը: Իրավապահներն ինքնասպանության հասցնելու հոդվածով են գործը քննում: Հունվարի 14-ին էլ հաղորդվեց Վահան Պետրոսյանի մահվան մասին, իրավապահներն այս դեպքում ևս քննում են ինքնասպանության վարկածը:

«Կա միջազգային փորձ, կան բազմաթիվ այլ փորձագետներ, բանակի փորձառու աշխատողներ, մշակված են օրենքներ, կանոնադրություններ, պետք է դրանք պահպանել, վերահսկել, որ այդ ամեն ինչը տեղի չունենա», - ընդգծեց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանն այս ծանր վիճակագրության առաջին մեղավորներին համարում է ոչ թե շարքային զինվորներին, այլ հենց բանակի ղեկավարությանն ու իրավապահներին: Իշխանությունները շարունակում են հպարտանալ, որ անցած տարի հակառակորդի գնդակից ոչ մի զինվոր չի զոհվել, բայց չեն կարողանում կանխել խաղաղ պայմաններում զինվորների մահերը՝ նկատում է իրավապաշտպանը:

«Մինչև հիմա կան հեղինակություններ, կան զինվորների նկատմամբ ճնշումներ, այն սոցիալական անարդարությունը... ոչինչ չի արվում, եթե արվի, ուրեմն չեն լինի այս մահվան դեպքերը», - ասաց Ալեքսանյանը:

Բանակի ղեկավարությունը, սակայն, պնդում է՝ կանոնադրական հարաբերությունները, կարգապահությունը բարձր մակարդակի են հասցրել, ամենօրյա ռեժիմով են աշխատում. «Կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում, և ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ», - ասել էր նախարարը:

Հունվարի ասուլիսի ժամանակ նախարար Սուրեն Պապիկյանը խոսել էր ձեռքբերումներից, ընդգծել՝ 2025-ին սպանության դեպք չի եղել: Արձանագրվել է մահվան վեց դեպք, որից երկուսը՝ ինքնասպանություն է որակվել: Նախարար Պապիկյանն այս տարին հռչակել է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի:

Իր վերջին՝ 2024 թվականի տարեկան զեկույցում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շեշտել էր, որ բանակում կարգապահությանը վնասող մի քանի գործոններ կան, այդ թվում՝ զինծառայողների իրավագիտակցության ոչ բավարար մակարդակը, կադրերի պակասը, միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը և զորամաս-ռազմական ոստիկանություն ոչ բավարար համագործակցությունը: