Երկաթուղու հարցով Հայաստանը գրավոր դիմել է Ռուսաստանին, կան դրական ազդակներ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Հայաստանը երկաթգծի կառուցման հարցով գրավոր դիմել է Ռուսաստանին, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայից ստանում են դրական ազդակներ:

«Մենք դիմել ենք, այդ թվում՝ գրավոր, ես այս պահին չգիտեմ՝ գրավոր պատասխան կա՞, թե՞ ոչ, բայց ընդհանուր առմամբ կան դրական ազդակներ, հույս ունեմ՝ կարագանա գործընթացը, և Ռուսաստանի մեր գործընկերները չեն հապաղի», - մանրամասնեց Կառավարության ղեկավարը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ապաշրջափակման համար կարևորել էր, որ վերականգնվեն երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները, որոնք կկապեն Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ: Վարչապետը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքները, եթե Ռուսաստանը դա չանի պատշաճ ժամկետում:

Այսօր Փաշինյանը վերահաստատեց մոտեցումը՝ միևնույն ժամանակ ընդգծելով. - «Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլ ուզում ենք գործակցել Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք մեր գործակցությունը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը պնդում է՝ կարող են պետբյուջեի միջոցներով երկաթգծեր վերանորոգել. ընդդիմությունից արձագանքում են

Ատոմակայանի հարցով որոշումներ կկայացվեն վստահելի պատասխաններ ստանալուց հետո

Վարչապետն այսօր մանրամասներ գրեթե չհայտնեց, թե ինչ է ենթադրում ԱՄՆ նախագահի հայտնած տեղեկությունը, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարին սպասվող այցի ընթացքում խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր կկնքեն Հայաստանի հետ:

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ստորագրել եմ երեք մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան»,- նշեց Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը ատոմային կայան կառուցելու հարցով որոշում ունի և ընտրել է ամերիկյան տարբերակը, վարչապետն արձագանքեց.

«Մեր համագործակցությունը զարգացնում ենք տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաներին։ Մենք ինստիտուցիոնալ փորձագետների հետ աշխատում ենք, բայց որևէ մտահոգություն չի անտեսվելու։ Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել էր, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար:

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսին են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին», - գրել էր ԱՄՆ նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան. Թրամփ


Եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը հասանելի լինի պետբյուջեին, այն կազգայնացվի

Հայաստանի էլեկտրական ցանցերի վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ՀԷՑ-ի շուկայական արժեքը հասանելի լինի պետբյուջեին, այն կազգայնացվի:

«Հիմա ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում է տեղի ունենում, եթե արժեքը կլինի հասանելի պետբյուջեի համար, մենք դա կազգայնացնենք և կհանձնենք հավատարմագրված կառավարման՝ միջազգային ընկերության կամ ընկերությունների խմբի։ Հնարավոր է՝ պարզվի՝ ՀԷՑ-ի վիճակն այնքան վատ է, որ կառավարությունը կարող է ինքնուրույն այդ հարցը լուծել», - ասաց վարչապետը, հավելելով՝ «մենք շտապելու տեղ չունենք»։

Շուտով կլրանա երրորդ ամիսը, ինչ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցված է:

Օրենքով՝ կառավարությունը երեք ամսվա ընթացքում սեփականատերերի հետ պետք է բանակցի ու պայմանավորվի ընկերության վաճառքի պայմանների շուրջ: Եթե համաձայնության չգան, գործադիրը, Սահմանադրության համաձայն, այն կարող է ճանաչել հանրային գերակա շահ՝ Կարապետյաններին տրամադրելով համարժեք փոխհատուցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը. Կառավարությունն ու «Տաշիր»-ը հակասական մեկնաբանություններ են ներկայացնումՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուց հետո կառավարությունը «Տաշիր կապիտալին» առաջարկ դեռ չի արել. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ը զրկվեց լիցենզիայից


Այլ մանրամասները՝ քիչ անց