Հայաստանը երկաթգծի կառուցման հարցով գրավոր դիմել է Ռուսաստանին, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայից ստանում են դրական ազդակներ:
«Մենք դիմել ենք, այդ թվում՝ գրավոր, ես այս պահին չգիտեմ՝ գրավոր պատասխան կա՞, թե՞ ոչ, բայց ընդհանուր առմամբ կան դրական ազդակներ, հույս ունեմ՝ կարագանա գործընթացը, և Ռուսաստանի մեր գործընկերները չեն հապաղի», - մանրամասնեց Կառավարության ղեկավարը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ապաշրջափակման համար կարևորել էր, որ վերականգնվեն երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները, որոնք կկապեն Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ: Վարչապետը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքները, եթե Ռուսաստանը դա չանի պատշաճ ժամկետում:
Այսօր Փաշինյանը վերահաստատեց մոտեցումը՝ միևնույն ժամանակ ընդգծելով. - «Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլ ուզում ենք գործակցել Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք մեր գործակցությունը»: