Երևանի ու Բաքվի միջև կան հարցեր, որոնց շուրջ «կողմերը դեռ համաձայնության չեն հասել»

Երևանի ու Բաքվի միջև կան հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն հասել, երեկ Հանրայինի եթերում հայտարարել է արտգործնախարարը: Արարատ Միրզոյանը, սակայն չի հստակեցրել՝ որոնք են այդ հարցերը:

Օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից հետո հայկական կողմը պնդում է՝ խաղաղություն է հաստատված: Ադրբեջանից մինչդեռ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պահանջում են փոխել Սահմանադրությունը: Արտգործնախարար Միրզոյանը չլուծված խնդիրներից խոսելիս կենտրոնացավ հենց այս հարցի վրա՝ պնդելով, թե այդ օրակարգի շուրջ Բաքվի հետ բանակցություններ չկան:

«Պետք է սա ավարտվի ստորագրմամբ և հետո վավերացմամբ: Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում», - ասաց նա:

Հարցին, թե խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է, Միրզոյանն արձագանքեց. «Այո, մենք չունենք երկկողմ այդպիսի՝ երկու կողմից ընդունված և դրա վրա աշխատվող օրակարգ: Նկատի ունեմ Սահմանադրության հարցը իրենց կողմից բարձրացվող, իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք ունենք՝ մեր, և դեռևս այստեղ համաձայնություն չունենք: Ես ասացի, որ մենք բազմաթիվ հարցեր լուծել ենք, բազմաթիվ բաներ արվում են, և կան կարևոր հարցեր, որտեղ դեռ չունենք փոխըմբռնում և համաձայնություն, և պետք է շարունակենք աշխատել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի գլխավորությամբ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստում ի՞նչ է քննարկվել

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից անցած շաբաթավերջին խոսել էր Ադրբեջանի արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը վերահաստատել էր՝ Բաքուն փաստաթուղթը կստորագրի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո: Ավելին՝ Ադրբեջանի արտաքին դիվանագիտության պատասխանատուն ստորագրման համար ևս մեկ պայման էր առաջ քաշել՝ TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը: Արդյո՞ք Բաքուն TRIPP-ի իրականացումը դարձնում է նոր նախապայման՝ այն կապելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ՝ իշխանական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը կարծում է՝ ոչ:

«Բանակցություններն ընթանում են, այս փուլում մեզ մնացել են միայն ժամանակի, տեղի հետ կապված պայմանավորվածությունները, և այո, ադրբեջանական կողմից որոշակի հայտարարություններ տարբեր մակարդակներում լսում ենք, բայց ես դա ձևակերպում եմ իբրև անհանգստություն, խոչընդոտ որպես չեմ ընկալում դա, որովհետև այո, հայկական կողմում այս պահի դրությամբ՝ օգոստոսի 8-ից հետո չկա այս րոպեի դրությամբ առկա ենթակառուցվածք», - ասաց նա:

Վարչապետն անցած շաբաթ, արտգործնախարար Միրզոյանն էլ երեկ նշել են՝ TRIPP-ի իրականացման աշխատանքները կսկսեն 2026-ի ամռանը, Բաքվից պնդում են՝ 2026-ի ավարտին իրենց կողմում շինարարությունը կավարտվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին հայտնել է՝ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում ՌԴ-ին. Բայրամով


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանին շինարարության դանդաղումը չէ, որ անհանգստացնում է: Նրա կարծիքով՝ Բաքվի ակնկալիքներն այլ են. «Ադրբեջանն այդտեղ ունի այսպես ասած՝ մասնակցության և որոշակի իրավունքների ակնկալիք, և իմ այդ եզրակացության հիմքը Ադրբեջանի նախկին արտգործնախարարի օրերս արած հայտարարությունն էր, որ Ադրբեջանը սեփականության իրավունք ունի Մեղրու երկաթուղու նկատմամբ:

Ադրբեջանը երբեք, անգամ ոչ պաշտոնական խողովակներով այդպիսի հայտարարությունները պատահական չի բարձրաձայնում»:

Վաշինգտոնյան փաստաթղթով Ադրբեջանը անխոչընդոտ ճանապարհ կստանա դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ միջազգային ու ներպետական հաղորդակցություն՝ փոխադարձ առավելություններով։ TRIPP ծրագրի շրջանակը սահմանելու նպատակով Հայաստանն ու Միացյալ Նահանգներն աշխատելու են փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ: Հակոբ Բադալյանը պատահական չի համարում, որ հռչակագրում նման կետ կա:

«Սա հիմք է՝ ենթադրելու, որ TRIPP-ի անմիջական իրավակարգավորումների հարցերը դեռ բաց են, և կողմերն էլ հայտարարում են, որ դետալներն այդտեղ դեռ պետք է համաձայնեցվեն, և հետևաբար սա նշանակում է, որ այդտեղ կարող է ինչ-որ ներառվածություն ունենալ, առնվազն տեսականորեն Ադրբեջանը, և Ադրբեջանը ձգտելու է առավելագույնս գործնական ներգրավվածություն ունենալ այդտեղ», - հավելեց Բադալյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ TRIPP-ի թեմայով դռնփակ քննարկում Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ

Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ստորագրած եռակողմ փաստաթղթում նաև նշված է՝ ճանապարհները բացվելու են պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների պահպանմամբ:

Հարցին, թե «Թրամփի ուղու» իրականացման համար կա՞ն հարցեր, որոնց վերաբերյալ Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն հասել, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը պատասխանեց. «Այս փուլում ինձ որևէ բաց մնացած հարց հայտնի չէ, բայց պետք է նաև հասկանալ, որ ես ամեն ինչ չէ, որ գիտեմ, որովհետև ուղիղ բանակցողներն ավելին գիտեն»:

Որ TRIPP-ի, կամ ինչպես ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներն են հաճախ անվանում, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Երևանն ու Բաքուն դեռ վերջնական համաձայնություն չունեն, մեկ ամիս առաջ հայտարարել էր նաև Թուրքիայի արտգործնախարարը: Հաքան Ֆիդանը նշել էր՝ մութ հարցեր կան, մասնավորապես, ինչ բնույթ է ունենալու այդ միջանցքը, ով է այն շահագործելու, ովքեր են լինելու գործընկերները: Երևանն այս հայտարարություններին ուղիղ չէր արձագանքել:

Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Բաքուն խաղաղության համաձայնագիր չի ստորագրի ոչ միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը հասնելու, այլ նաև TRIPP-ի հարցում զիջումներ կորզելու համար: