Երևանի խոսքերը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին, հակասում են երկրի ղեկավարության քայլերին. Զախարովա

Հայաստանի իշխանությունների հայտարարությունները Ռուսաստանի հետ կապերը պահպանելու և զարգացնելու կարևորության մասին չեն համընկնում երկրի ղեկավարության գործնական քայլերի հետ, որոնք ուղղված են Եվրամիությանն անդամակցելուն, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու Երևանի մտադրության մասին։ Սակայն, ցավոք, չենք տեսնում, որ այդ խոսքերը համապատասխանեն Հայաստանի ղեկավարության գործերին և քայլերին, որը միանշանակ հայտարարել է Եվրամիությանն անդամակցելու իր ձգտման մասին», նշել է Զախարովան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին

Մոսկվան տևական ժամանակ հորդորում է Երևանին հստակեցնել՝ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ շարժվում է դեպի Եվրամիություն։

ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարները Հայաստանին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ այս պահին նման հանրաքվե անցկացնելու տրամաբանություն չկա, քանի որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամակցելու համար և ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին մոտ չէ։ Նրա խոսքով՝ տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը խելամիտ չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ի տնտեսական սահմանափակումները սխալ քայլեր են, որոնք մարդկանց տրամադրում են ԵԱՏՄ-ի դեմ. Փաշինյան