Իսրայելը նախօրեին ուժեղացրել է հարվածները Լիբանանի հարավում՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն հայտարարությունից հետո, որ բանակին հանձնարարել է սաստկացնել գործողությունները «Հեզբոլա»-ի դեմ։
Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը «կուժգնացնի հարվածները»՝ չնայած ապրիլի 17-ից գործող հրադադարի ռեժիմին։
Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ մայիսի 25-ի ուշ երեկոյան իսրայելական հարվածների թիրախում են հայտնվել Լիբանանի հարավի և Բեքաայի հովտի բնակավայրեր։ Երկու մեքենայի և մոտոցիկլետի վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել։
Իսրայելը մեղադրել է «Հեզբոլա»-ին հրադադարը խախտելու մեջ։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն էլ հայտարարել է, որ բանակը «ստիպված է եղել ուժով գործել»։
Ավելի ուշ «Հեզբոլա»-ը հայտարարել է, որ հարձակվել է իսրայելական ռազմական դիրքերի վրա՝ «ի պատասխան Իսրայելի կողմից հրադադարի խախտման»։
Լարվածությունը սրվում է այն պահին, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը փորձում են համաձայնության հասնել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու շուրջ։ Չի բացառվում, որ այդ գործընթացը ներառի նաև Լիբանանի ճակատը։
Իսրայելն ու «Հեզբոլա»-ն հրադադարի հաստատումից ի վեր գրեթե ամեն օր միմյանց մեղադրում են հարձակումների մեջ։