Երեկ ընդամենը մի քանի րոպեով Մայր Աթոռ եկած ու Կաթողիկոսի հեռացման պահանջով նամակ փոխանցած բարձրաստիճան հոգևորականներին ոչ թե հավատացյալներն էին ուղեկցում, այլ՝ քաղաքացիական հագուստով տղամարդիկ, որոնք թույլ չէին տալիս, որ անգամ լրագրողների խոսափողը մոտենա հոգևորականներին:
Տասնյակ տղամարդիկ ոչ ներկայանում էին և ոչ էլ պարզաբանում, թե ինչ հիմքով էին նման գործողության դիմում, նրանք անընդհատ կոպտորեն հրում էին լրագրողներին, որոնք փորձում էին հարցեր տալ: Հրմշտոցի հետևանքով անգամ վատացավ լրագրողներից մեկի ինքնազգացողությունը, նրան պարեկային ծառայության մեքենայով ավելի հանգիստ վայր տեղափոխեցին:
«Ազատություն»-ը նույնականացրել է քաղաքացիական հագուստով այդ անձանցից մի քանիսին ու պարզել, որ նրանք ուժային տարբեր ծառայություններից էին:
Երեկ առաջին շարքում մյուսներին հրահանգներ տվողն Ազգային անվտանգության ծառայության աշխատակից էր, որն ամիսներ առաջ մասնակցում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձերբակալությանը:
Կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականներին ուղեկցող սև հագուստով մյուս տղամարդը ժամանակին «կարմիր բերետավորների» շարքերում էր:
Տեսախցիկները նրա դեմքը բողոքի տարբեր ակցիաների ժամանակ են ֆիքսել: Նրանց շարքերում նաև ոստիկանության օպերատիվ ծառայողի ենք նույնականացրել. այդ տղամարդուն կարելի է տեսնել քրեական հանցագործությունները լուսաբանող Samshyan.com կայքի մի քանի հրապարակումներում:
Իրավական ի՞նչ հիմքով էին ԱԱԾ աշխատակիցները լրագրողների աշխատանքը խոչընդոտում, ի՞նչ գործ ունեին այնտեղ օպերատիվ աշխատակիցները, այս հարցերին երեկվանից այդ կառույցներից պատասխաններ չկան: Ազգային անվտանգության ծառայությունից ասացին՝ «գրավոր դիմեք». - «Ես Ձեզ կխնդրեմ՝ Ձեր հարցը գրավոր ուղարկեք, սահմանված ժամկետում կպատասխանենք: Դուք ե՞ք նույնականացրել, որ ԱԱԾ աշխատողներ են; Դե խնդրում եմ՝ ուղարկեք Ձեր հարցերը, սահմանված ժամկետում կպատասխանենք»:
Երեկ ոստիկանապետ Արամ Ղազարյանը կցկտուր պատասխաններ էր տալիս՝ խուսափելով հստակեցումներից. - «Մի շարք միջոցառումների ժամանակ լինում են ծառայողներ, ովքեր ի պաշտոնե պարտավոր են իրենց ծառայությունը իրականացնեն քաղաքացիականով»:
Ոստիկանապետը չհերքեց՝ գուցե ուժայինները բիրտ են գտնվել, նշեց՝ մինչև չտեսնի, չի կարող ասել: Մայր Աթոռում երեկ տեղի ունեցածից արդեն ավելի քան 24 ժամ է անցել, «Ազատություն»-ը դիմեց Ներքին գործերի նախարարություն՝ հետաքրքրվելով՝ ծանոթացե՞լ է արդեն ոստիկանապետը տեսանյութերին, որպեսզի մեկնաբանություն տա, նաև հարցրեց՝ պաշտոնապես հաստատո՞ւմ, թե՞ հերքում են, որ այդ տղամարդկանց շարքում ոստիկաններ կային: Խոսնակը միայն ասաց՝ «գրավոր դիմեք»: