Այսօր ոստիկանության Մաշտոցի բաժանմունքի ոստիկանները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա 17 աջակիցների գործով տնային կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալներին դատարան չէին ներկայացրել «աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»: Դատավոր Կարեն Ֆարխոյանին ոստիկանությունից այս պատճառաբանությունն էին բերել, երբ դատավորն ստիպված էր ընդմիջել դատական նիստը՝ մեղադրյալների բացակայության պատճառը ճշտելու համար:
Դատավորը խիստ անընդունելի համարեց ոստիկանների այս բացատրությունը: Շեշտեց, որ մեղադրյալներին դատարան ներկայացնելու հանձնարարություն նախապես են ստացել: Ասաց՝ սա նկատի կունենա առաջիկայում մեղադրյալների խափանման միջոցի հարցը քննարկելիս:
«Պահանջելու եմ, որպեսզի դատարանին գրավոր պատասխանեն պատճառները: Ծանրաբեռնվածություն հասկացությունը շատ մեծ է, ի՞նչ է նշանակում», - հայտարարեց դատավորը՝ շարունակելով. - «Անընդունելի է, որ ոստիկանության աշխատակիցները ծանուցված լինելով և մեղադրյալների ներկայությունը պարտադիր ապահովելու հանձնարարություն ստացած լինելով՝ վերջիններիս ներկայությունը չեն ապահովել դատական նիստին: Հետևաբար՝ դատարանը վերադաս վարչության պետին գրություն կհասցեագրի, որպեսզի հետագայում նմանատիպ խոչընդոտներից խուսափենք»:
Արդեն կես տարի բանտում գտնվող Բագրատ արքեպիսկոպոսը դատապարտեց, որ ոստիկաններն իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, քանի որ նրանց «հանել են իրենց ծառայությունից և տարել Էջմիածին՝ այլ իրադարձությունների հետ կապված»:
«Իրավապահ համակարգի ներկայացուցիչները չեն կարողանում պատշաճ կերպով ապահովել բոլորի ներկայությունն այս դատական նիստերին, որովհետև իրենց ծառայությունը կապված է ստիպված, ոչ թե մեղադրում եմ, այլ գնահատական եմ տալիս, ստիպված կապված է լինում այլ դեպքերի և միջադեպերի հետ: Մարդկանց հանում են իրենց ծառայությունից, վստահաբար, և իրենք չեն կարողանում իրենց առաջին պարտականությունը կատարել: Եվ ի՞նչ պարտականություն են կատարում՝ հավանաբար իրենց զորահավաքագրել են գնալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ էդ խայտառակ միջադեպին մասնակից լինելու: Միգուցե կարգ պահպանելու և այլնի տեսքով, բայց դրանից տուժում է մեր դատական ընթացքը», - ասաց Գալստանյանը:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացած Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների հայտարարած հավաքին ընդառաջ:
Հայաստանի ոստիկանապետ Արամ Ղազարյանը լրագրողների հարցին, թե ո՞րն է այսքան շատ ոստիկանների ներկայության պատճառը, հնարավո՞ր են բախումներ, միայն արձագանքեց, թե անհրաժեշտության դեպքում ներկա են լինում:
Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարեց նաև, որ իր համար շատ կարևոր է՝ ինչքան հնարավոր է արագ տեղի ունենան դատական նիստերը, որպեսզի ներկայացվեն իր գործին առնչվող, ըստ իրեն, կեղծ ապացույցները: Շեշտեց՝ անգամ Կանադայի դեսպանատան աշխատակիցն է ամեն անգամ գալիս՝ հետևելու դատական գործընթացին: Ու նիստի հետաձգման պատճառով հեռանում են:
Փաստաբանները դատավորին առաջարկեցին պատասխանատու ոստիկանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով գրություն ուղարկել ոստիկանություն: