Երաշխավորված խաղաղություն ու առանց արտաքին աջակցության ապրել. նախընտրական ծրագրերը

Մինչ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական մրցակիցները երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին են խոսում ու պնդում՝ երաշխավորի դերում պետք է հանդես գան տարբեր երկրներ, իշխող կուսակցությունը նախընտրական ծրագրում որպես առանցքային նպատակ արձանագրում է սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում ներկայացրեց իր թիմի ծրագիրը, որի առաջին դրույթը խաղաղության ու Ադրբեջանի հետ հարաբերություններին է վերաբերում. «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջնային քայլերը հետևյալն են՝ առաջինը՝ սահմանազատման գործընթացի շարունակությունը, երկրորդը՝ TRIPP նախագծի իրագործումը: Հաջորդ քայլը խաղաղության ինստիտուցիոնալացման, բնականաբար, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումն է, վավերացումը դրանում նախատեսված քայլերի հետագա իրագործումը», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խաղաղություն, տնտեսություն, խոստումներ, ընդհանուր ձևակերպումներ. ինչ է խոստանում ՔՊ-ն


Մինչ Փաշինյանն Ադրբեջանի հետ առանց միջնորդի բանակցելու ու ուղիղ խոսակցության կարևորությունն է մատնանշում, և՛ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը», և՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, և՛ գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» կարծում են՝ այս պահին Հայաստանը միայնակ ի զորու չէ ապահովել Ադրբեջանի հետ խաղաղությունը:

«Կրակոցների բացակայությունը խաղաղություն չէ, առանց երաշխավորների խաղաղությունը խաղաղություն չէ՝ հերթական թակարդն է, որտեղ Հեյդարի որդին ու Նիկոլն ուզում են գցեն հայ ժողովրդին», - հայտարարել են «Ուժեղ Հայաստանից»:

«Երբ նախաստորագրվեց այսպես ասած՝ խաղաղության հռչակագիրը, որը որևէ իրավական ուժ ընդհանրապես չունի, մենք խոսում էինք երաշխավորված խաղաղության մասին: Երաշխավորված նշանակում է միջազգային երաշխիքներ և երաշխավորող պետություններ», - ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Խաղաղությունը երաշխավորված պետք է լինի, ոչ թե այսօր պայմանավորվեցինք Ալիևի հետ խաղաղություն, ի՞նչ խաղաղություն: Սահմանները, բարձունքները նստած՝ թելադրում են՝ սա պետք է անեք, պետք է 300 հազար մարդ գա, Հայաստանում բնակվի, իսկ մեր հայրենակիցները՝ իրենց տուն-տեղը թողած, դրա մասին բացառված է խոսել, չի կարելի, ու դա համարում են խաղաղություն», - ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:

Ընդդիմադիր այս ուժերը թեև իրենց նախընտրական ծրագրերն ամբողջությամբ, մեկ տեղում դեռ չեն հրապարակել, սակայն նրանց հիմնական թեզերն արդեն հայտնի են: Եթե այս ուժերը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման մասին են խոսում, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» բալանսավորման արտաքին քաղաքականության մասին դրույթում Ռուսաստանի հետ հարաբերություները «կառուցողական տրանսֆորմացիայի ենթարկելու» մասին է հայտարարում:

«Ըստ էության Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ամբողջությամբ կառուցվել են ղարաբաղյան շարժման պայմաններում: Հիմա երբ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, հիմա երբ խաղաղություն է հաստատված, և կոնֆլիկտը կարգավորված է, բնականաբար, հարաբերությունները պետք է հարմարեցվեն, զարգանան այդ նույն տրամաբանությամբ: Կոնֆլիկտի պայմաններում մենք Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն երբեք չենք ունեցել։ Հիմա ունենք երկաթուղային հաղորդակցություն», - պնդում է Նիկոլ Փաշինյանը:

Մինչ ընդդիմությունը Ռուսաստանի կողմից տնտեսական հնարավոր ճնշումների վտանգի մասին է բարձրաձայնում, իսկ Կրեմլն էլ բարձր մակարդակով սպառնալից հայտարարություններ է անում, վարչապետ Փաշինյանը շարունակում է պդնել, թե ընդդիմադիրներն են փորձում հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ հրահրել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան. Փաշինյանը՝ Պուտինին

«Մենք նման բան թույլ չենք տալու և մեր բոլոր ջանքերը դնելու ենք Ռուսաստանի հետ մեր կառուցողական հարաբերությունների հետագա զարգացման վրա», - ասել է նա։

Ընդհանուր առմամբ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում քիչ չեն ընդհանրական ձևակերպումները, որոնց կատարումն ուղիղ չափելի չէ, սակայն նաև ուղիղ խոստումներ կան, որոնք արդեն կարելի է համեմատել ընդդիմության ծրագրերի հետ:

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» 5 տարում 300 հազար աշխատատեղի մասին է հայտարարում:

«Մեր տնտեսական ծրագրի առաջին քայլը աշխատատեղեր ստեղծելն է և ոչ թե ամբողջության գործազրկությանը հաղթելը, որը կարճաժամկետ ռեալ չէր՝ 300 հազար նոր աշխատատեղ ստեղծել 3 միլիոն երկրում, որ 1.1 միլիոն մարդ աշխատի: 5 տարվա ընթացքում այդ ցուցանիշին հասնելու մեծ հնարավորություն կա», - հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:

Երկրորդ նախագահ Քոչարյանի թիմը մի փոքր ավելի համեստ է գտնվել ու տարեկան 35-ից 45 հազար աշխատատեղ խոստացել. «Այնքան ժամանակ, մինչև գործազրկության մակարդակը կիջնի 5-6 տոկոս՝ այսօրվա 14 տոկոսի փոխարեն, սա ի վիճակի ենք մենք անել»:

«Առաջարկ Հայաստանին» ծրագրով ընտրապայքարին միացած Գագիկ Ծառուկյանի ուժը աշխատատեղերի կոնկրետ թիվ չի հրապարակել:

«Քաղաքացիական պայմանագիրը» տարեկան 25 հազար աշխատատեղ է խոստանում՝ այսինքն՝ 5 տարում 100 հազար, բացի այդ խոստանում են 5 տոկոսով նվազեցնել աղքատությունը: Իշխանություններն այս պահի դրությամբ տապալել են գործազրկության մակարդակը նվազեցնելու ու աղքատ քաղաքացիների թիվն էականորեն փոքրացնելու 2021-ին տված խոստումը: