Եմենի նախագահը հայտարարում է հութիների դեմ հակահարձակման մեկնարկի մասին

Եմենի կառավարական ուժերի զինվորներ, արխիվ

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավարն այսօր հայտարարել է հութի զինյալների դեմ խոշոր ռազմական գործողության մեկնարկի մասին:

«Այսօր ես հայտարարում եմ ռազմական գործողությունների մասին՝ ետ նվաճելու հանրապետության մնացյալ տարածքը և ընդլայնելու պետության ու նրա ինստիտուտների իշխանությունը ազգային ամբողջ տարածքով մեկ», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախագահ Ռաշադ ալ-Ալիմին իր հեռուստաուղերձում:

Տարածաշրջանային և արևմտյան պաշտոնյաներն ավելի վաղ Reuters-ին հայտնել էին, որ Սաուդյան Արաբիան և նրա դաշնակից Եմենի կառավարությունը ծրագրում են հարձակում Իրանի աջակցությունը վայելող հութիների դեմ, որի ընթացքում սաուդցիները վարելու են օդային մարտերը, Եմենի ուժերը՝ ցամաքային:

Սաուդյան Արաբիան հարևան Եմենի քաղաքացիական պատերազմում ընդգրկվել է 2015 թվականին՝ գլխավորելով մայրաքաղաք Սանայից հութիների վտարած միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող արաբական կոալիցիան:

Պատերազմող կողմերի միջև 2022-ին համաձայնեցված հրադադարը հիմնականում պահպանվում էր մինչև այս տարի, երբ հութիները՝ պաշտոնապես հայտնի որպես «Անսար Ալլահ», հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ սկսեցին Սաուդյան Արաբիայի նավերի և նավթային ենթակառուցվածքների վրա:

Reuters-ը նշում է, որ չնայած հակահարձակման նախապատրաստությանը՝ հութիները շարունակում են տիրել նախաձեռնությանը Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո:

Վերջին երկու օրերին, մասնավորապես, նրանք կառավարական և տեղական ուժերի նկատմամբ առավելություն են ստացել Թաիզ քաղաքի մերձակա ռազմավարական բարձունքներում՝ առաջանալով դեպի այդ քաղաքի և Ադենի միջև կապն ապահովող վերջին ճանապարհը: Այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը կհանգեցնի Ադենի փաստացի պաշարմանը, որտեղ ներկայումս տեղակայված է Եմենի կառավարությունը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կռիվներում Եմենի կառավարությանն աջակցող ուժերից «500, հութիներից՝ 1000 մարտիկ է զոհվել»Հութիները Եմենում գրավել են Կարմիր ծովի ողջ ափը և կարող են խնդիրներ ստեղծել Սաուդյան Արաբիայի արտահանումների համարՀութիները գրավել են Եմենի առանցքային նավահանգիստը Կարմիր ծովում. Reuters-ի աղբյուրներՀութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների վրա, մոտ 70 մարդ է տուժել