ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 3 տարով՝ ցուցակից հանելով Ուսմանովին և Ֆրիդմանին

Ռուսաստանցի օլիգարխներ Միխայիլ Ֆրիդման և Ալիշեր Ուսմանով, կոլաժ

Եվրամիության անդամ երկրների դեսպանները համաձայնության են եկել երկարաձգել պատժամիջոցները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետ կապ ունեցող շուրջ 3 հազար անձանց և կազմակերպությունների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ: Պատժամիջոցները կերկարաձգվեն ոչ թե կես տարով, ինչպես սովորաբար, այլ միանգամից երեք տարով: Ինչպես հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, փոխզիջմամբ ձեռք բերված համաձայնության արդյունքում պատժամիջոցների ցուցակից դուրս են բերվելու ռուսաստանցի գործարարներ Ալիշեր Ուսմանովը և Միխայիլ Ֆրիդմանը:

Պատժամիջոցների երկարաձման վերաբերյալ պաշտոնապես դեռ չի հաղորդվել, սակայն ակնկալվում է, որ այսօր երեկոյան տեղի կունենա դրա այսպես կոչված գրավոր ընթացակարգը:

Ուսմանովին ցուցակից դուրս բերելուն հետամուտ են եղել Ֆրանսիան և Սլովակիան, Բրատիսլավան պնդել է նաև Ֆրիդմանի նկատմամբ պատժամիջոցների վերացման համար: Փարիզի դիրքորոշումն անակնկալ էր: Politico-ի փոխանցամբ՝ Ֆրանսիան հայտարարել է միայն, թե դա կապված է «ազգային անվտանգության կոնկրետ խնդրի հետ»: Financial Times-ի տվյալներով՝ Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է մաս կազմել Ադրբեջանի հետ համաձայնության, որը վերջերս ձերբակալել է Ֆրանսիայի երկու քաղաքացիների: Պաշտոնական Բաքուն, այդուհանդերձ, հերքել է որևէ պայմանավորվածությունների առկայությունը:

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան դեմ է արտահայտվել Ֆրիդմանի և Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը՝ ընդգծելով, որ ցուցակում նրանց ընդգրկումից հետո ոչինչ չի փոխվել, և սանկցիաների վերացումը սխալ ազդակ կլինի Մոսկվային:

Ուսմանովը և Ֆրիդմանը պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են որպես Պուտինին մոտ և Ուկրաինայի դեմ պատերազմը ֆինանսավորող խոշոր ձեռնարկատերեր: Երկու օլիգարխներն էլ դատարանում վիճարկել են պատժամիջոցները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ութ տասնյակ օլիգարխներ բացահայտ աջակցել են Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմին. հետաքննությունԳերմանիայի ոստիկանությունն Ուսմանովից առգրավել է 5 մլն եվրո արժողությամբ կտավներ Ռուսաստանցի օլիգարխները ԵՄ դատարանում վիճարկում են իրենց դեմ պատժամիջոցները