Մատչելիության հղումներ

Գերմանիայի ոստիկանությունն Ուսմանովից առգրավել է 5 մլն եվրո արժողությամբ կտավներ


Գերմանական ոստիկանությունն առգրավել է ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովի հավաքածուից 30 նկար, այդ թվում՝ աշխարհահռչակ արվեստագետների կտավներ։

Առգրավված նկարների ընդհանուր արժեքը գնահատվում է առնվազն 5 միլիոն եվրո։ Գերմանական աղբյուրների համաձայն՝ թանկարժեք այդ գործերը մաս էին կազմում Ուսմանովին պատկանող շքեղ զբոսանավի ինտերիերին։

600 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը բռնագրավված է անցած տարվանից և գտնվում է գերմանական Բրեմենում։ Փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Ալիշեր Ուսմանովը հայտնվել է արևմտյան պատժամիջոցների տակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած սերտ կապերի պատճառով։

Ավելի վաղ Գերմանիայի իրավապահները խուզարկել էին Ուսմանովի մի քանի սեփականություն, այդ թվում՝ Բավարիայի Թեգերնզե լճի վրա գտնվող նրա առանձնատունը՝ առգրավելով փաստաթղթեր և այլ թանկարժեք իրեր։ Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ ռուսաստանցի մեծահարուստը երբեք չի հայտարարագրել իր ունեցվածքը Գերմանիայում, ինչը պարտադրում է օրենքը։

69-ամյա Ուսմանովը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է 11,5 միլիարդ դոլար:

XS
SM
MD
LG