Ծառուկյանի 11 տոհմական ձիերի ու մեկ պոնիի ճակատագիրն անորոշ է: ԲՀԿ առաջնորդի փաստաբանները պնդում են՝ իրենց ձեռքի տակ է Քննչական կոմիտեի Կոտայքի քննիչի հուլիսի 10-ի որոշումը ձիերի առգրավման վերաբերյալ. այսօր առավոտից սպասում էին:
Ծառուկյանի փաստաբաններից Հովհանենս Վարդանյանի պնդմամբ՝ քննիչները դեռ 4 օր առաջ էին եկել ձիերի տեղափոխումը կազմակերպելու, բայց տեխնիկական հարցեր առաջացան՝ հետաձգեցին, այսօր էլ չկան ու չկան.
«Արդեն դատավարական ընթացակարգերով քննիչի կողմից կայացրած որոշումը բողոքարկում ենք, քանի որ փաստացի իրենք հանդիսանում են ընտանի կենդանիներ և չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա»,- շեշտում է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Հովհաննես Վարդանյանը:
Ծառուկյանի իրավաբանական թիմում այն կարծիքին են, որ քննիչներն ընդունել են իրենց առարկությունները, որ ձիերը ընտանի կենդանիներ են. մարդ կարող է ունենալ դրանցից իր տան տարածքում
«Պատկերացնո՞ւմ եք ձիու հետ կով լիներ, կո՞վն էլ պիտի տանեին»,- հարցնում է Ծառուկյանի փաստաբաններից Էմին Խաչատրյանը:
ՔԿ-ից հերքում են ձիերի տեղափոխման լուրը
Առյուծներին, վագրերին, կոկորդիլոսներին ու կարապներին տեղահանելուց հետո արդյոք հերթը ընտանի կենդանիներին է հասել: Փաստաբանները սա աբսուրդ են համարում: Իսկ Քննչական կոմիտեից հերքում են այս ամենը, պնդում՝ ձիերի տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Իսկ ինչ էին անում քննիչները 4 օր առաջ. ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, հայտնեցին Քննչականից: Հարցին, թե ինչու են զննվել դրանք, եթե ոչ իրեղեն ապացույց են, ոչ էլ առգրավման ենթակա, Քննչակականից չեն պատասխանում, չեն արձագանքում Ծառուկյանի փաստաբանի պնդմանը, որ իրենց ձեռքի տակ է ձիերի առգրավման վերաբերյալ քննիչի որոշումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ծառուկյանի «իրեղեն ապացույց» ճանաչված առյուծն անկել է. ով է պատասխանատու«Կենդանիներն իրենց ոտքով ապօրինի սահմանը չեն հատել, դրանք օրինական են ներմուծվել». փաստաբան
Ծառուկյանի կենդանաբանական այգում այժմ մնացել են միայն սմբակավորներն ու մի քանի տնային թռչուններ:
Ծառուկյանի փաստաբանները վայրի կենդանիների տեղափոխությունը համարում են խայտառակություն, չեն ընդունում, որ Ծառուկյանի գազանանոցն ապօրինի էր.
«Այդ կենդանիներն այնպես չի, որ իրենց ոտքով սահմանն ապօրինի հատել, եկել են: Այդ կենդանիներն օրինական ճանապարհներով, մաքսային մարմիններով ձևակերպում ստանալով եկել են, մաքսային ձրակերպումներ են կատարվել, ներմուծվել են օրինական, էդ ժամանակ որևէ մեկի մոտ հարց չի՞ առաջացել, բա էս կենդանիներն ո՞ւր են գնում, ի՞նչ են անում»,- նշում է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:
Որևէ հարց չի ծագել նաև այն ժամանակ, երբ Ծառուկյանն իր վագրերի, առյուծների հարազատներին նվիրում էր Երևանի կենդանաբանական այգուն: Ըստ փաստաբանների՝ գիշատիչներին հիշեցին միայն այն ժամանակ, երբ Ծառուկյանին գետնին պառկեցնելու քաղաքական հրահանգ եղավ: Ապօրինի որսի դեպքով քրեական գործի մասին էր հայտնել Քննչական կոմիտեն, իսկ քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետը թույլտվության բացակայության մասին:
Որ թույլտվություն չի եղել, Ծառուկյանի փաստաբանը հաստատում է, բայց հարցադրումով՝ եթե մի փաստաթուղթ էլ պակաս է եղել, ինչո՞ւ չեն ասել ու փոխարենը ձգձգել են այդ թույլտվությունները: Անհասկանալի է իրավիճակը նաև խրտվիլակների առումով. իրավապահների տարածած տեսանյութում երևում էր, որ մի քանիսին գրկած հանում են, Քննչականի հաղորդագրությունում կարդում ենք «Գ. Ծ-ի տնից 190 հատ խրտվիլակ է առգրավվել», բայց պարզվում է դրանք տեղում են, բայցի մի քանիսից: Ծառուկյանի փաստաբանի խոսքով.- «Անձինք հասկացան, որ այդ սենյակից խրտվիլակները հանելը հղի է հետևանքով, այսինքն՝ դրանք փչանալու են, որովհետև էդ սենյակը հատուկ պատրաստված է, հատուկ ջերմաստիճան կա, հենց էնպես պատին կպցրած չեն դրանք»:
Ի դեպ, բնապահապանության նախարարությունը մի մասնագիտական հատուկ հանձնաժողով է կազմել, որ պիտի գնա Ծառուկյանի առանձնատան տարածք, տեղում ուսումնասիրի վիճակը ու որոշումներ կայացնի: Ծառուկյանի կենդանիների մեծ մասն արդեն տեղահանվել են, իսկ հանձնաժողովականների այցն այդպես էլ չի կայանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կոկոյի անսպասելի հյուրերը. մեկ կացարանում՝ 10 կոկորդիլոսԵթե մասնագիտականա հետաքրքրությունն այս գործընթացի հանդեպ ավելի վաղ դրսևորվեր, գուցե և քնից կարթնանար մայր առյուծը: Նա տեղափոխության ընթացքում անկեց: Մյուս գիշատիչները տեղում են, լավ են՝ վստահեցրեց կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը. «Նորմալ է, ոչ մի խնդիր չկա, նորմալ ուտում են, իրենց լավ են զգում»:
Կերի խնդիր առայժմ չկա,-պնդում է Աշոտ Ասանյանը, բայց որպես իրեղեն ապացույցներ այգի եկած գիշատիչները մսակեր են, կենդանաբանական այգու հաստատաված բյուջեով նրանց կերակրելը հեշտ չէ. «Կառավարությունը պետք է լրացուցիչ ավելացում տա, որ էդ կենդանիներին պահենք»,- ասաց Կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը:
Ծառուկյանի դեմ սկսված իրավական գործընթացը գիշատիչներից բացի, կարող է տարածվել դեպի Հատիսի լանջեր: Հիսուսի արձանի շինարարությունը դեռ կանգ չի առել, բայց ԲՀԿ առաջնորդի թիմից տագնապ են փոխանցում. երեսպատման սալիկներ մատակարարաող կազմակերպությունը նույնպես կապարակնքված է, չի բացառվում, որ շինարարությունը նույնպես քնի: