Ձերբակալված Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է, կալանքի որոշում դեռ չկա

Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, օգոստոսի 25,2026թ.

Վաղ առավոտյան ԱԱԾ դիմակավորված անձինք մտել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա երկու որդիների՝ Սեդրակ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարաններ։

Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանն անմիջապես ձերբակալվել են, բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանց մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման և կաշառք ստանալու հոդվածներով։ Իրավապահ կառույցը Սեդրակ Քոչարյան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:

Լևոն Քոչարյանը պատգամավորական անձեռնմխելիություն ունի և առանց խորհրդարանի համաձայնության նրան ձերբակալելու իրավունք իրավապահները չունեն։

Երկրորդ նախագահի ինքնազգացողությունը ժամեր անց Հակակոռուպցիոն կոմիտեում կտրուկ վատացել է։ Շտապօգնություն է կանչվել, արձանագրվել է զարկերակի բարձր ճնշում, որից հետո նրան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Բագրատ Միկոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երկրորդ նախագահը վերջին շրջանում բժշկական միջամտության է ենթարկվել և բժշկի ցուցումով նա տեղափոխվել է հիվանդանոց։

Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր ավելի ուշ հաստատեց՝ հայրը մոտ երկու շաբաթ առաջ վիրահատվել էր. «Այո, սրտի հետ կապված կար խնդիր, մոտ երկու շաբաթ առաջ երևի»։

ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները՝ Լևոն Քոչարյանի տան առջև

Լևոն Քոչարյանի տանը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներին դիմավորել են նրա երեք անչափահաս երեխաները։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը, որ ոչ իրավաչափ է համարում «Ալֆա» ջոկատի ներգրավմամբ իրականացված գործողությունները, խուզարկությունից հետո ասաց, որ երեխաները շփոթված էին։

«Դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել ու ասում էր՝ էս ի՞նչ են անում այս մարդիկ այստեղ։ Լևոնի կինն էլ փորձում էր փոքրիկին բացատրել, որ հնարավոր է սպայդերմենն է եկել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց փաստաբան Սողոյանը։

«Պետության համը բերաններդ է մնալու». Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանից շտապել է արդարացնել մանկահասակ երեխաների ներկայությամբ իրականացված իրավապահների գործողությունները, նշելով, որ պետությունը աշխատում է։

«Բա քրեական գործ է, պետք է խուզարկել, բա ինչի՞ է ԱԱԾ-ն գնացել։ Բա քննիչին, այն մեկին մենակ ուղարկեն, որ վրա տաք, որպեսզի մի հատ էլ գլուխ գովաք, ասեք՝ տեսա՞ք ինչ ուժեղ տղերք էինք, չթողեցինք, բա պետությունն է պետք աշխատի։ Բա ասել եմ՝ պետության համը բերաններդ է մնալու։ Հենց մի քիչ զգանք, որ այդ համը բերաններդ թուլացել է, պետությունը, ժողովրդի պետությունը բերաններիդ իջնելու է»,- ԱԺ ամբիոնից ասաց վարչապետ Փաշինյանը։

Փաշինյան-Քոչարյան սուր բանավեճը

Փաստաբանների փոխանցմամբ՝ Լևոն Քոչարյանի տանն այսօր քննիչները ապօրինի ձեռք բերված գույքին առնչվող թանկարժեք իրեր են փնտրել, անգամ ափսեների արտադրությունն են ստուգել, բայց այդպես էլ որևէ բան չեն գտել։

«Սպասքի հետևի լոգոներն էին բացում, սկսում նայել, ուզում էին հասկանային ինչ-որ ուլտրաթանկարժեք բաներ կան»,- ի դեպ, փաստաբան Տաթևիկ Սողոյանը տեղեկացրեց, որ քննիչը ընդամենը երեկ է պատգամավորի տանը խուզարկություն անելու թույլտվություն ստացել, այսինքն՝ ըստ փաստաբանի, խորհրդարանում Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սուր բանավեճից հետո։

Երեկ Լևոն Քոչարյանը նաև վիրավորական որակումներ էր հնչեցրել Փաշինյանի հասցեին, ինչին ի պատասխան վարչապետը սպառնացել էր՝ դատելու է

Լևոն Քոչարյանն ասել էր.- «Մեզ էլ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած այդ պիղծ դավաճանը ինչի՞ է մինչև հիմա կարում լինի»։

Վարչապետն էլ արձագանքել էր.- «Այն, ինչ ես Ձեզ ասեցի, ես այո, Ձեզ դատում եմ, և ես Ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել։ Շնորհակալ եմ»։

Ձերբակալվել են նաև Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնելով, որ երկրորդ նախագահին և նրա ավագ որդուն մեղադրանք է առաջադրել խոշոր չափերի կաշառքի և փողերի լվացման հոդվածներով, պնդում է.

«Փաստական տվյալներ են ստացվել, որ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»,- ասված է իրավապահների հաղորդագրությունում։

Այս գործի շրջանակում իրավապահ մարմինը Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների ցանկ է հրապարակել՝ Play City, Orange Fitness, «Պիացցա Գրանդե», «Toyota», «Կապուտակ Սևան» և այլն։ Այս և մի շարք այլ ընկերություններում առավոտից խուզարկություններ էին։ Ըստ քննիչների՝ այս ընկերությունները կամ դրանց բաժնեմասերը Քոչարյանները ձեռք են բերել ապօրինի եղանակով։ Ի դեպ, Գլխավոր դատախազությունը հատուկ շեշտում է՝ 1998-2008 թվականները Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն։

«Բան չեմ հասկանում». Սերժ Սարգսյանին ևս մեղադրանք է ներկայացվել

Հակակոռուպցիոն կոմիտեում երկրորդ նախագահին մեղսագրվող գործի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել է վեց անձ, մեղադրանք է առաջադրվել 10 անձի, այդ թվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Սերժ Սարգսյանին, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալելու որոշում դեռ չի կայացրել։ Այսօր կոմիտե հրավիրվելուց հետո նա ազատ արձակվեց։ Դատելով Սարգսյանի այսօրվա կարճ արձագանքից՝ նա իրեն հասցեագրված մեղադրանքից դեռևս գլուխ չի հանում, ինչպես ինքն ասաց՝ բան չի հասկանում։

«Երբ գործերը ստանանք՝ գործի նյութերը, էն ժամանակ կխոսենք, բան չեմ հասկանում»,- ասաց Սարգսյանը։

Նախագահներ Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից բացի այս գործով, ըստ Գլխավոր դատախազության, անցնում են նաև այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց շարքում են նախկին վարչապետ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Քոչարյաննների հետ փոխկապակցված ընկերություններում այսօր վաղ առավոտից խուզարկություններ էին։ «Ազատությունը» եղավ «Պիացցա Գրանդե»-ում, որտեղ այդ պահին քննիչները արդեն մի քանի գրասենյակներ կապարակնքել էին։ Դրանցից մեկն էլ Լևոն Քոչարյանի կնոջը պատկանող «Սիրուշո փրոդաքշընն» էր։

Փաստաբան Հակոբ Կյուրեղյանը, որը չցանկացավ ասել, թե կոնկրետ ում շահերն է ներկայացնում, պնդում էր, թե խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել և քննիչները փաստացի սեփականության իրավունքի սահմանափակում են իրականացնում՝ փակելով գրասենյակները.

Փաստաբանի խոսքով.- «Սեփականության իրավունքի սահմանափակում է տեղի ունենում, այսինքն՝ քննիչը ֆիզիկապես արգելում է մուտքը որոշակի տարածք, մինչդեռ սեփականության իրավունքի սահմանափակումը հնարավոր է միայն հստակ իրավական հիմքերի առկայության դեպքում և այն է դատարանի որոշումը»։

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոխկապակցված մի քանի ընկերությունների, տվյալ դեպքում՝ «Ստեֆանո Ռիչի», «Կորնելիանի», «PLAY CITY» և «Օրանժ ֆիթնեսի» տնօրենների նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։ Նրանք ձերբակալվել են։ Այս գործն էլ առանձին քննվում է Քննչական կոմիտեում։ Օրվա ավարտին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։