Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը ադրբեջանական բանտից դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Շուրջ 3 տարի գերության մեջ գտնվող նախկին բարձրաստիճան զինվորականը հորդորել է Փաշինյանին դիրքորոշում հայտնել իրենց առաջադրված այն մեղադրանքի վերաբերյալ, համաձայն որի, իբրև թե Հայաստանն է պլանավորել և նախապատրաստել 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ չնայած, ինչպես նշում է Մանուկյանը, իրենք ներկայացրել են «անհերքելի ապացույցներ և փաստեր», որ պատերազմը սանձազերծել է հենց Ադրբեջանը, և դա տեղի է ունեցել միջազգային հանրության աչքի առաջ։
Ի դեպ, Մանուկյանը իր հեռախոսային ուղերձում Փաշինյանին է դիմում ոչ որպես վարչապետ, այլ իբրև Հայաստանի քաղաքացի:
«Քանի որ Դուք եղել եք այն ժամանակ Հայաստանի վարչապետը և միաժամանակ գերագույն հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսվում է հենց այդ օղակից, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել Ձեր դիրքորոշումը։ Չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով մեղսակից դարձնելով ոչ միայն Ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։ Հուսով եմ՝ նախկինում Ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել», - նշել նա։
Դավիթ Մանուկյանը գերեվարվեց 2023 թվականի սեպտեմբերի 27 -ին, Արցախի վրա ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո:
Նա այդ օրը իր կնոջ, ու Արցախի նախկին պետ նախարար Ռուբեն Վարդանյանի հետ միասին փորձել էր մեքենայով հատել Հակարիի կամուրջը, նրանց ձերբակալել էին սահմանին:
Ի դեպ, Արցախի նախկին պետնախարար, գերեվարված Ռուբեն Վարդանյանը, անցած տարի ադրբեջանական բանտից հատուկ ներողություն էր խնդրել Մանուկյանի տիկնոջից, նշելով, որ եթե նա չլիներ իրենց մեքենայում, ապա Դավիթ Մանուկյանն այսօր ազատության մեջ կլիներ:
Մանուկյանը, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է նաև 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, պատերազմից հետո՝ արդեն 2021-ին ազատվել էր բանակից՝ Հայաստանի նախագահի հրամանագրով: Այսինքն գերեվարման պահին նա զորացրված զինվորական է եղել:
Ադրբեջանական բանտում շուրջ 3 տարվա գերությունից հետո առաջին անգամ հղած իր հեռախոսային ուղերձում, Դավիթ Մանուկյանը նաև հորդորում է Նիկոլ Փաշինյանին ասել, թե Հայաստանն ինչ դիրքորոշում ունի ադրբեջանական բանտերում պահվող հայերի կարգավիճակի վերաբերյալ:
«Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է», - ընդգծել է նա:
Դավիթ Մանուկյանի հարցադրումների մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանից արձագանք ստանալ չհաջողվեց: Ե՛վ վարչապետը, և՛ նրա խոսնակը այս պահին արձակուրդում են:
Բաքուն իր բոլոր ռազմական հարձակումների ու ագրեսիաների պատասխանատու է կարգել Հայաստանին. իրավապաշտպան
Այն, որ 19 հայ գերիներին, ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Բաքուն շինծու մեղադրանքներով է 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտել, փաստում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:
Իրավապաշտպանը նշում է, որ պաշտոնական Բաքուն իր բոլոր ռազմական հարձակումների ու ագրեսիաների, ներառյալ 2022-ին Ջերմուկ ներխուժելու համար, պատասխանատու է կարգել Հայաստանին և իր իսկ կողմից սանձազերծած պատերազմների մարդասիրական հետևանքների ամբողջ բեռը դրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին՝ անհատական պատասխանատվության տեսքով:
«Բաքվում մեկնարկած յուրաքանչյուր հային առնչվող դատավարությունում որպես փաստ հրամցվել է այն տեսակետը, որ բոլոր մարտական գործողությունների նախահարձակ լինողը եղել են հայկական զորքերը Հայաստանի իշխանության ղեկավարության ներքո: Արցախի ղեկավարներին, նաև Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքներում ներառված է ագրեսիվ պատերազմ նախապատրաստելը և վարելը: Այս տրամաբանության ներքո ներկայացվում է, որ 2016 -ին, 2020 -ին, 23 -ին նախահարձակ է եղել հայկական կողմը, հետաքրքրական է, որ Ջերմուկի դեպքերը ներկայացվում են Հայաստանի կողմից մեկնարկած պատերազմ», - ասաց իրավապաշտպանը:
Սիրանույշ Սահակյանը նշում է, որ ադրբեջանական ագրեսիայի և նախահարձակ գործողությունների վերաբերյալ տարբեր միջազգային կառույցների և երկրների կողմից արված հայտարարությունները նույնպես փաստում են, որ հայ գերիների դեմ հարուցված գործերն ու դատավճիռները ոչ մի կապ չունեն արդարադատության հետ, քանի որ Բաքուն կեղծում է ողջ պատմական ճշմարտությունը:
«Նույն 22 -ին Ջերմուկի դեպքերի առնչությամբ մենք ունենք ԱՄՆ պաշտոնական դիրքորոշում, որը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ», - նշեց նա:
Ի դեպ, չնայած Հայաստանին ներկայացված՝ ագրեսիվ պատերազմ պլանավորելու մեղադրանքներին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած վեց տարիներին բազմաթիվ անգամ հրապարակավ հայտարարել է, որ հենց Բաքուն է որոշել ռազմական ճանապարհով լուծել իր տարածքների վերադարձի հարցը՝ գործի դնելով «երկաթյա բռունցքը»: Օրերս էլ Մարտակերտում սպառնաց՝ եթե պետք լինի, նորից կդիմեն նույն մեթոդին:
Ադրբեջանական բանտերում պահվող 19 հայ գերիները, բացառությամբ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով իրենց դեմ կայացրած վճիռները: Բողոքարկումն, ինչպես նշել էր Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ձևական բնույթ է կրում, որևէ սպասում չունեն ադրբեջանական արդարադատությունից, պարզապես այդ քայլով ճանապարհ են հարթում դեպի միջազգային դատարան:
Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով և իր ընդդիմախոսներին բանտեր նետելու պրակտիկայով հայտնի Ադրբեջանը, մերժում է 15 հայ գերիներին տրամադրել անգամ իրենց դատավճիռները: