Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը չեն ընդունել Բաքվում առաջադրված մեղադրանքները

Բաքվի ռազմական դատարան, արխիվ

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել են առաջադրված մեղադրանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրանք հանդես են եկել եզրափակիչ խոսքով: Բաբայանը նախորդ նիստին էր սկսել խոսքը:

Լևոն Մնացականյանը, անդրադառնալով մեղադրանքներին, ասել է՝ Արցախում կռվել են ոչ թե վարձկաններ, այլ կամավորներ։ Նա նշել է նաև, որ չի մասնակցել որևէ ռազմական գործողության ինչպես 2020, այնպես էլ 2023 թվականներին։

Մնացականյանը հերքել է նաև ապրիլյան քռժառօրյա պատերազմի վերաբերյալ ադրբեջանական մեղադրողի պնդումը, շեշտելով, որ հայկական կողմը չի հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա։

Նիստը կշարունակվի այսօր:

Բաքվում այս դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում:

Ռազմական դատարանում ավելի վաղ խոսել էին նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ու գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը: Նրանք մեղադրանքը չեն ընդունել:

Բաքվում պահվող գերիների շահերը միջազգային դատարաններում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը այս ամենը ֆարս է անվանում: