Ըստ նախագծի՝ իշխող ուժն է որոշելու դատավորների հետագա ճակատագիրը, ընդգծում է սահմանադրագետը

Նոր Սահմանադրության նախագծում իշխանությունն առաջարկում է ժամանակավոր դարձնել Հայաստանի 300-ից ավելի դատավորներին և հինգ տարվա ընթացքում վերագնահատել նրանց մասնագիտական կարողությունները, բարեվարքությունն ու եկամուտների օրինականությունը:

Դատավորներին կգնահատի հինգ հոգանոց հանձնաժողովը: Վերջինին կընտրի Ազգային ժողովը`պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ եթե այս նախագիծն ընդունվի, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայները բավարար կլինեն այս մարմնի ընտրության համար:

«Դամոկլյան սրի ներքո արդարադատություն»

Արդյո՞ք «դամոկլյան սրի» ներքո գործող դատավորները կիրականացնեն արդարադատություն, հարցնում է սահմանադրագետ, գործող Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանն ու պնդում՝ այսպիսով զրոյացվում է դատական իշխանության անկախությունը:

«Ստացվում է, որ ՔՊ-ն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշելու է, թե որ դատավորին պահի դատավոր, որին՝ չպահի: Հիմա մենք կարո՞ղ ենք բանականորեն ենթադրել, որ այդ դատավորները դամոկլյան սրի ներքո իրական արդարադատություն են իրականացնելու, թե՞ փորձելու են ամեն կերպ հաճոյանալ այսօրվա իշխանությանը, որպեսզի պահպանեն իրենց պաշտոնները», - «Ազատության» հետ զրույցում նշեց սահմանադրագետը:

Վարչապետ Փաշինյանը, մինչդեռ, վստահեցնում է՝ նախագիծը Հայաստանում արդարադատություն հաստատելու մասին է, իսկ այն հիմա վստահելի չէ:

«Ես չգիտեմ, խոստովանում եմ, չգիտեմ, թե վաղը որ դատարանը ինչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի։ Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող Սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ, նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող Կառավարության առկայության պայմաններում բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ։ Այս Սահմանադրության նպատակներից մեկն արդարադատությունն օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը», - մասնավորապես հայտարարել է վարչապետը:

Նախագծի ընդունման դեպքում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժի ձայները բավարար կլինեն ընտրելու նաև Սահմանադրական դատարանի դատավորներին: Նրանց այժմ ընտրում է Ազգային ժողովը`պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:

Նոր փոփոխությամբ ևս կա 3/5-ի պայմանը, բայց ունի շարունակություն: Եթե 3/5-ով Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, իսկ այս դեպքում ՍԴ դատավորն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նույնը նաև դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդում է սպասվում: Այս դեպքում, ի տարբերություն գործող Մայր օրենքի, 10 անդամներին էլ կընտրի խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով: Թեկնածուներին ներկայացնում է Դատավորների ընդհանուր ժողովը: Գործող կարգավորումներով, այժմ ԲԴԽ 10 անդամներից 5-ին ընտրում է Ազգային ժողովը, մյուս 5-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովը:

«ԲԴԽ ձևավորման կազմը, որն այսօր իսկ արդեն, ըստ էության, գրպանային է, է՛լ ավելի կախվածության մեջ է դրվում կառավարվող մեծամասնությունից», - նշեց Վարդան Պողոսյանը:

Խնդիրներն այդքանով չեն սահմանափակվում

Սահմանադրագետը այլ խնդիրներ ևս տեսնում է: Նախագծում չկա Վարչական դատարանի մասին դրույթ, իսկ դա նշանակում է՝ այն հետագայում կարող է փակվել: Երկրորդ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու իրավունքը տրվում է քաղաքական մարմնին՝ հանրապետության նախագահին: Այժմ դա անում է ԲԴԽ-ն: Երրորդ՝ բոլոր դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետները երկարացվում են, այդ դեպքում, ըստ Պողոսյանի, նրանց միջոցով հնարավոր կլինի հասնել իշխանությանը հաճո դատական ակտերի:

Սահմանադրագետը տասնյակ խնդիրների շարքում առանձնացնում է նաև քրեական ոլորտում ծանրացնող հոդվածի՝ հետադարձ ուժ ստանալը: Գործող Սահմանադրությամբ դա արգելված է, իսկ առաջարկվող փոփոխությամբ կա բացառություն, այն է՝ եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար:

Ո՞րն է հանրության շահը, հարցնում է սահմանադրագետը:

«Սա միանշանակ հետընթաց է գործող Սահմանադրության համեմատությամբ: Գործող Սահմանադրության ձևակերպումը շատ ավելի իմպերատիվ է, և ճիշտ մեկնաբանման պարագայում այն որևէ խոչընդոտ չի կարող ներկայացնել հանրային շահի տեսանկյունից: Գործող իշխանությունը պարզապես ցանկանում է իր արդեն իսկ կիրառած պրակտիկային համապատասխան հետադարձության սկզբունքից բացառություննները լայնացնել ու հասցնել այն աստիճանի, որ մենք կարող ենք նման ձակերպման պարագայում արդեն ասել, որ հետադարձության սկզբունքի արգելքը ըստ էության դադարում է իր դերը կատարելուց», - նշեց Պողոսյանը:

Ըստ սահմանադրագետի՝ այս իշխանությունը մի շարք օրենքներ է ընդունել, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին, որը հիմնականում կիրառվում է նախկին իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը պետականացնելու նպատակով:

«Դա այսպես կոչված ապօրինի գույքի բռնագանձման վարույթների շրջանակներն ընդլայնելու ուղղակի հհարավորություն են», - պնդեց Վարդան Պողոսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ահաբեկիչների հետ չենք բանակցում». ընդդիմությունը մերժում է վարչապետի «երազանքի առաջարկը»Սա հրաժարում է Անկախության հռչակագրի, այսինքն կոնֆլիկտի տրամաբանությունից. ՓաշինյանՀրապարակվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը. ինչ է փոփոխվում