Դատախազությունը հրաժարվել է մեղադրանք առաջադրել կաթողիկոսին «սատկացնելու» մասին հայտարարած տղամարդուն

Էդվարդ Ստեփանյաը (արտապատկերում «Սիվիկ»-ի տեսանյութից)

Գառնեցի տղամարդը, որը յոթ ամիս առաջ իշխանական «Սիվիկ»-ի եթերում կոչ էր արել քարով խփել Ամենայն հայոց կաթողիկոսի գլխին, ի տարբերություն նման արտահայտություններ արած շատ այլ քաղաքացիների, մինչ օրս մեղադրյալի կարգավիճակ չունի:

70-ամյա Էդվարդ Ստեփանյանի՝ քրեական գործի առիթ դարձած այս արտահայտությունն այժմ լեզվաբանների սեղանին է: Քննչականը փորձաքննություն է նշանակել՝ պարզելու նրա խոսքերի նշանակությունը, իմաստը: Ամենայն հավանականությամբ, գործի ելքը կորոշի այս փորձաքննությունը: Ինքը՝ Գառնիի համայնքապետարանի աշխատակիցն այսօր հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, միայն հիշեցրեց, որ արդեն ցուցմունք է տվել:

«Բացահայտ օրինակ է, որ կարելի է ցույց տալ, որ Հայաստանում ուղղակի ճչացող խտրականություններ են տիրում, մեկ նախադասությամբ կարելի է դա հաստատված ճանաչել», - ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Գառնիի ջրմուղի աշխատակիցը «քարով սատկացնելու» արտահայտությունն արել էր դեկտեմբերին՝ տեղի եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ակտիվ պայքար էր մղում Վեհափառի դեմ, պահանջում նրա հրաժարականը: Քննիչները երկար ժամանակ լուռ էին, գործի հարուցումից ամիսներ անց միայն միջնորդեցին դատախազին, որ մեղադրանք առաջադրվի: Վերջինս, սակայն, մերժել էր այն:

Ինչո՞ւ է դատախազությունը դեմ եղել քննիչի այս առաջարկին, Գլխավոր դատախազությունից չպատասխանեցին, «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել, որի պատասխանը դեռ չունենք:

Ընդդիմադիր հայացքներով բազմաթիվ քաղաքացիների պաշտպանող փաստաբան Ռուբեն Մելիքյանի համար զարմանալի չէ իրավապահների պահվածքը. «Ես սա համարում եմ քաղաքական իշխանության հրահանգի արդյունք, իրավապահներն այստեղ ընդամենը կատարողներ են»:

Փաստաբանն ամենևին տեղին չի համարում գառնեցի տղամարդու հայտարարությունը լեզվաբանական փորձաքննության ենթարկելու որոշումը, նման ավելորդ գործողության կարիքը չկա՝ ընդգծում է:

Մելիքյանը բազմաթիվ օրինակներ ունի. նման արտահայտությունների հեղինակները ժամերի ընթացքում ձերբակալվել են, երբ նրանց խոսքը եղել է իշխանության մասին. «Ատելության խոսք, թշնամանք հրահրող խոսք, սպառնալիք, բռնության կոչ, ցանկացած նման բնույթի խոսք անպատիժ, հրապարակային ձևով արտահայտել ու միաժամանակ ուղերձ է հղվում, որ եթե հակառակը լինի, ապա անմիջապես պատասխանատվության են կանչվելու... Շատ պարզ, հասկանալի, բռնատիրական կարգերի համար շատ տրամաբանական մոտեցում է»:

Թարմ օրինակը քարոզարշավի ժամանակ Արտակ Ավետիսյանի դեպքն էր. Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմած տղամարդուն մեղադրանք առաջադրեցին ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետին կոշտ քննադատած տղամարդը մեկ ամսով կալանավորվեց, փաստաբանը պնդում է՝ հանցանք չկա

Ավետիսյանի բառապաշարում սպառնալիք չկար, բայց ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները ուժով տեղափոխել էին ոստիկանական մեքենա:

Վերջին տարիներին Հայաստանում մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում նաև սոցցանցային գրառումների կամ մեկնաբանությունների համար: Հստակ վիճակագրություն չկա, բայց հայաստանյան իրավապաշտպանները պարզել են, որ 2020-ից ի վեր կտրուկ աճել է նման գործերի թիվը: