Դատարանը մասնակի է բավարարել քննիչի միջնորդությունը՝ երկուսի փոխարեն մեկ ամսով կալանավորելով Շենգավիթի բնակչին, որն օրերս ձերբակալվեց վարչապետի հասցեին կոշտ խոսքերի համար:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն առաջարկել էր գոնե տնային կալանք կիրառել, բայց դատարանը նախընտրեց ամենախիստ միջոցը.
«Ես կարծում եմ, որ սա ընտրական գործընթացի հետ կապված ուղերձ է՝ քաղաքացիներին ցույց են ուզում տալ, որ նրանք իրենց քննադատական խոսքը Նիկոլ Փաշինյանի հասցեին չասեն: Իրենց մոտեցումն այն է, որ հասարակության մեծ մասն աջակցում և դրական է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին: Այն, բոլոր քննադատական խոսքերը, որ հնչում են, այդ պետական քաղաքականությանը կարծես թե հակասում են, նրանք փորձում են այդ խոսքերը լռեցնել»,- ասում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Ո՞րն է այստեղ ատելության խոսքը, հարցնում է վարչապետին ուղիղ եթերում դիմած 44-ամյա Արտակ Ավետիսյանի փաստաբանը: Ռուբեն Մելիքյանն ասաց՝ դատարանը հիմնավոր է համարել իրավապահների կասկածը, որ շենգավիթցու խոսքերն ատելություն են պարունակում և, որ, ազատության մեջ նա նոր հանցանք կգործի:
«Դատարան էր ներկայացված 3 հիմք, 3-ն էլ ներկայացված էր` փախուստ, հանցանք կատարել և քննությանը խոչընդոտել։ Դատարանն այդ 3 հիմքերից ընդունելի համարեց միայն հանցանք գործելու հիմքը, մյուս երկուսը բացառեց»,- նշեց փաստաբանը:
Արտակ Ավետիսյանը ձերբակալվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավից հետո:
Այդ նույն շրջանում բնակվող Ավետիսյանն ուղիղ եթերում Փաշինյանին հրավիրել էր իր նշած վայր՝ խոսքը համեմելով կոպիտ բառերով: Իրավապահները սա որակեցին ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն ուղղված խոսքի տարածում:
Փաստաբանի խոսքով.- «Բայց այստեղ մենք փաստերը չէինք վիճարկում, մենք չէինք վիճարկում, որ այդ ձայնագրությունը կատարել է պաշտպանյալս, որ դա ինքն է հրապարակել, այստեղ խնդիրը փաստերին չէր վերաբերում, այստեղ խնդիրը վերաբերում էր նրան, թե այդ փաստերը մոտենո՞ւմ են արդյոք հանցակազմին»:
Փաստաբանը պնդում է՝ Ավետիսյանն ընդամենը քննադատել է վարչապետին, որը գուցե հաճելի չէ, բայց հանցանք էլ չէ: Ընդ որում՝ այս տղամարդը հեռու է քաղաքական գործընթացներից, լայն շրջանակներին էլ հայտնի չէ:
«Ուղղակի այստեղ ոչ թե չէր համապատասխանում, այլ կիլոմետրերով էր հեռու ատելության խոսքի չափանիշից, մանավանդ, եթե մենք համադրում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա որոշ թիմակիցների տարիների ընթացքում ասվածը. սկսած՝ եկել է քաղաքացիների վրեժի ժամանակը արտահայտությունից 2020 թվականից մինչև ականջները կկտրենք, ասֆալտին կպառկացնենք....չեմ էլ ուզում թվարկեմ, ժամեր կտևի»,- նկատեց փաստաբանը:
Շենգավիթցի տղամարդու մեղադրանքը քաղաքական համարող փաստաբանը շարունակում է խոսել խտրական արդարադատությունից, հիշեցնել անպատիժ մնացած իշխանականների ավելի սուր արտահայտությունները ընդդիմադիրների հասցեին: Օրինակ է բերում՝ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, ով խորհրդարանում ընդդիմադիր գործչին ասել էր՝ «Մեր ժողովրդին մեկը բան ասի՝ լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»
Իրավապահները պատգամավորի այս արտահայությունը հանցանք չէին համարել: Եվ չեն շտապում անցած տարեվերջին կաթողիկոսի հասցեին նմանատիպ արտահայտություն հնչեցրած գառնեցու տղամարդու դեպքում. վարույթը կա, բայց տղամարդն ազատության մեջ է՝ առանց մեղադրյալի կարգավիճակի:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում շենգավիթցի Արտակ Ավետիսյանին սպառնում է 1-4 տարվա ազատազրկում: