Մինչ փաստաբանները պնդում են, թե բժիշկներն ուշացել են, Քրեակատարողական ծառայության պետն «Ազատության» հետ զրույցում հակադարձում է, թե բանտում ամեն ինչ արել են ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանին փրկելու համար:
«Ցանկացած մահ ցավալի է ու ցանկացած մահից հետո հետևություններ պետք է անենք, և եթե կան աշխատանքի ընթացքում բացթողումներ և խնդիրներ, որը ինչ-որ չափով թեկուզ ամենաչնչին ձևով կարող էր անդրադառնալ և կարող էր ընդհակառակը՝ չբերեր էս մահվան դեպքին, այդ ամբողջն ուսումնասիրում ենք», - ասաց Ծովինար Թադևոսյանը:
«Նուբարաշենի» բանտում «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանի մահից հետո քրեակատարողական ծառայությունում քննություն է անցկացվում: Ըստ Ծովինար Թադևոսյանի, դեռևս արդյունքներ չկան, բայց տեսախցիկների հրապարակած ժամանակացույցն էլ է ցույց տալիս, որ շտապօգնությունը չի ուշացել:
Մինչդեռ Գևորգյանի փաստաբանական խումբը պնդում է, որ շտապօգնություն ուշ են կանչել, բժիշկները հասել են, երբ ընդդիմադիրն արդեն մահացել էր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բժիշկ չկար, շտապօգնությունը ուշացավ». Արսեն Գևորգյանի մահվան ու գործի մանրամասները՝ ԵՄ դեսպանի սեղանինՓաստաբան Հովսեփ Սարգսյանը պնդում է՝ Գևորգյանի վատ զգալուց սկսած պետք է անմիջապես բժշկական օգնություն ցուցաբերեին, ոչ թե հույս դնեին բժշկի որակավորում չունեցող բուժակի վրա, որն էլ ինչ-որ դեղ է ներարկել Գևորգյանին:
«Բուժակն իրավունք ունի՞ դեղ ներարկելու կալանավորին առանց բժշկի: Եթե բժիշկ լիներ, կարող էր գնահատել վիճակը, որ ծանր է, ու քրեակատարողականի ուժեով տեղափոխեին հիվանդանոց», - ասաց Սարգսյանը:
«Նուբարաշենն» ու Հայաստանի մյուս յոթ բանտերը, բացի «Արմավիրից», հերթապահ բժիշկ չունեն:
Գևորգյանին բժշկական առաջին օգնություն է ցուցաբերել բուժակը, որն, ըստ փաստաբանների, չէր կարող բժշկական գնահատում անել և ըստ դրա բուժում նշանակել:
Իրավունք ունե՞ր բուժակը ներարկում անելու, ինչո՞ւ չունեն հերթապահ բժիշկներ, «Ազատությունն» այսօր գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն, որն էլ համակարգում է բանտերում առողջապահական ծառայությունների մատուցումը: Մինչ այդ, Քրեակատարողական ծառայության պետն ընդգծում է՝ շարժվել են ընթացակարգով:
«Ծառայողը, տեղեկանալով անձի առողջական որոշակի խնդրի մասին, անմիջապես հայտնում է բժշկական ստորաբաժանմանը: Ստորաբաժանումն արձագանքում է՝ գալով և տեղում գնահատելով անձի առողջական վիճակը: Բուժակի կամ բժշկի արձագանքից հետո, միայն իրենց ցուցումից հետո կանչվում է շտապօգնություն ու շտապօգնությունն արդեն այդ պրոցեսը կազմակերպում է», - ասաց Ծովինար Թադևոսյանը:
Ինչո՞ւ հնարավոր չի եղել ընդդիմադիր գործչին հասցնել հիվանդանոց, ինչպես պնդում են փաստաբանները, չսպասելով շտապօգնությանը: Թադևոսյանի խոսքով, հատկապես սրտային խնդիրների դեպքում շատ կարևոր է անգամ տեղափոխության պրոցեսը ճիշտ կազմակերպել: Մինչդեռ փաստաբանը հակադարձում է՝ կարող էին ապահովել պատշաճ տեղափոխումը, օրինակ, «Էրեբունի» հիվանդանոց, որը բանտին շատ մոտ է:
Բանտեր հաճախ այցելող ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասում է՝ հերթապահ բժիշկներ չունենալը մեծ խնդիր է, որն էլ լրացնում է ամենավատ շենքային պայմաններ ունեցող «Նուբարաշենի» առանց այն էլ ծանր միջավայրը՝ խոնավ ու քանդվող խցերով, խավարասերներով:
«Խոստումը կա, որ «Նուբարաշենը» չպիտի այլևս գործարկվի, որովհետև այնպիսին են պայմանները, որ ժամանակավոր նորոգումները ոչինչ չեն փոխելու: Իր էությամբ այդտեղ անազատության մեջ գտնվելն ինքնին խոշտանգում է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Փայտոջիլներով, ծանր օդով խուց էր». դիտորդը՝ մահացած ընդդիմադիրի բանտախցի մասինԵրեկ արդարադատության նախարարը, այսօր էլ Քրեակատարողական ծառայության պետը վստահեցրին՝ լուծում են տալու Նուբարաշենի խնդրին, բայց թե ինչքան գումար դրա համար կպահանջվի և կոնկրետ երբ նոր բանտը կկառուցվի՝ չասացին:
Հասարակական դիտորդական խումբն այսօր ահազանգել է, որ բժշկական գաղտնիքի պատճառաբանությամբ չի կարողանում ստանալ Արսեն Գևորգյանի փաստաթղթերը:
Սա առաջին անգամը չէ, երբ խումբը հասանելիություն չունի գաղտնի փաստաթղթերին: Դիտորդներն առաջարկել են օրենքով իրենց էլ տալ նման հնարավորություն, դեռ հստակ պատասխան չունեն:
Արսեն Գևորգյանի մահից հետո նրա խցակիցները դիտորդներին պատմել էին, որ ընդդիմադիր գործիչը վաղ առավոտյան բողոքել է կրծքավանդակի շրջանում սուր ցավերից, իսկ շտապօգնության ժամանելու պահին նա դեռ մահացած չէր: