Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքում «երկարատև հրադադարի» կոչ է արել՝ հայտարարելով նաև, որ ծովային ուղիները պետք է «որքան հնարավոր է շուտ» վերաբացվեն։
«Հնարավորինս շուտ պետք է հասնել համապարփակ և երկարատև հրադադարի՝ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնումը խթանելու համար», - ասվում է արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։
«Միջազգային հանրության կոչերին ի պատասխան՝ ծովային ուղիները հնարավորինս շուտ պետք է վերաբացվեն» - նշում են ԱԳՆ-ից՝ առանց կոնկրետ մատնանշելով Հորմուզի նեղուցը, որը փետրվարի 28-ի պատերազմի մեկնարկից ի վեր Թեհրանը փաստացի փակ է պահում, իսկ ԱՄՆ-ն էլ շրջափակման է ենթարկում իրանական նավահանգիստները։
Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարությունը տարածել է, երբ պետական այցով երկրում է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Պեկինում հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Թրամփը համաձայնության են եկել, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ նպաստելու էներգակիրների ազատ տեղաշարժին: