Միացյալ Նահանգներն Թեհրանից պահանջում է հրապարակայնորեն ընդունել, որ Իրանը խախտել է փոխըմբռնման հուշագրի պայմանները՝ գնդակոծելով քաղաքացիական նավերը Հորմուզի նեղուցում, ինչը հանգեցրեց այս շաբաթ Իրանի տարածքին ԱՄՆ հարվածներին և նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ոոր հրադադարի ռեժիմն այլևս չի գործում: Այս մասին հաղորդում է CBS-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի:
Նույն ներկայացուցիչը, ըստ հեռուստաալիքի, պնդել է, թե Իրանի պաշտոնյաները մասնավոր կարգով ընդունել են, որ «սխալ» են գործել՝ գնդակոծելով նավերը:
Հրապարակայնորեն, սակայն, Իրանը չի ընդունել դա, ընդհակառակը՝ ԱՄՆ-ին է մեղադրում հուշագիրը խախտելու մեջ: Մասնավորապես, երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին գրել է, թե համաձայնությունը խախտել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը՝ հայտարարելով Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին:
ԱՄՆ-ը երեկ պատժամիջոցներ է սահմանել իրանցի գործարարի դեմ, որին մեղադրում են Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի համար գլոբալ ֆինանսական ցանց կառավարելու մեջ: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության և Պետդեպարտամենտի տվյալներով՝ Դուբայում ապրող Ալի Անսարին ստեղծել է Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Կիպրոսը, ԱՄԷ-ն և այլ երկրներ ընդգրկող ակտիվների գլոբալ ցանց: Այդ ցանցը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, որպես ֆինանսական գործիք է ծառայել Իրանի կառավարող վերնախավի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև արժույթի փոխանակման երեկ իրանական ընկերություններ: Սրանք հունիսի կեսերին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանի դեմ սահմանվող առաջին պատժամիջոցներն են:
Արաղչին այսօր բանակցություններ կվարի Օմանում: CBS-ը գրում է, որ խոսքը կարող է լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլի մասին, թեև պաշտոնապես այդ մասին չի հայտարարվել:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ համաձայնել է բանակցությունները շարունակելու Իրանի առաջարկին, սակայն վերստին ընդգծեց, որ ավարտված է համարում հրադադարի ռեժիմը: Թրամփը հանձնարարել է բանակցողների թիմին շարունակել բանակցությունները:
Հունիսին Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստորագրված հուշագիրը նախատեսում էր ռազմական գործողությունների դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում 60 օրով, որոնց ընթացքում պետք է անցկացվեն բանակցություններ վերջնական խաղաղ կարգավորման շուրջ, ինչպես նաև մասամբ մեղմացվեն Իրանի դեմ պատժամիջոցները: Իրանական ուժերը, այդուհանդերձ, քանիցս հարձակվել են նավերի վրա Հորմուզի նեղուցում, ինչին էլ պատասխանել է ԱՄՆ-ը: