Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր կան․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն այս մասին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի ամրապնդմանն ուղղված քայլերը։

«Այս ուղղությամբ մի շարք դրական տեղաշարժեր են նկատվում։ Այսօր հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակելու մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ անցյալ տարվանից մեր երկրի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցիկ փոխադրումների մեկնարկի, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման, ինչպես նաև TRIPP նախագծի շրջանակում աշխատանքների փաստացի մեկնարկի վերաբերյալ», - նշել է Բայրամովը։

Օրերս հրապարակվեց Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Դրա նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։

Պաշտոնական Բաքուն արձագանքել էր՝ հայտարարելով. «Դատելով հրապարակված տեքստից՝ ներկայումս նման պահանջներ դրանում չկան: Մենք դա շատ բարձր ենք գնահատում»:

Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Այդ փաստաղթում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն «բարձր է գնահատում» ՀՀ նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը