Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Բայրամովն ու Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական լարվածությունը դադարեցնելու հնարավոր ջանքերի վերաբերյալ: Ընդգծել են Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։

Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի սպասումները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ։

Բաքուն մարտի 5-ին մեղադրել էր Իրանին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի և դպրոցին անօդաչուներով հարվածելու համար՝ այն անվանելով «ահաբեկչական ակտ» և խոստանալով համարժեք պատասխան։ Թեհրանը հերքել էր իր մեղսակցությունը միջադեպին, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաջորդ օրը պնդել էր, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից կազմակերպված մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հույս ունի, որ Իրանը կկատարի Նախիջևանի դեմ հարձակումները հետաքննելու երաշխիքները. Բայրամով