Բայրամով. Այս կամ այն բնակավայրի հետ կապված հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ երկու երկրները պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից:

Սահմանազատման հանձնաժողովը ադրբեջանական կողմից գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, հայկական կողմից՝ նույնպես փոխվարչապետը, ասել է Բայրամովը:

Նախարարի փոխանցմամբ՝ անցած շրջանում հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են կայացել, հանձնաժողովների աշխատանքը կանոնակարգող մի շարք փաստաթղթեր են ընդունվել և հաստատվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում:

«Գոյություն ունի համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները սկսվելու են սահմանի ավելի բարդ հյուսիսային հատվածից [...] և շարժվելու են հյուսիսից հարավ», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը:

«Ինչ վերաբերում է կոնկրետ դետալներին, ապա, անշուշտ, բոլոր հարցերը կքննարկվեն ըստ անհրաժեշտության և համապատասխան ժամանակ, և սպասվում է, որ դրանք նույնպես կլուծվեն», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պետք է սահմանազատեն իրենց մոտ 1000 կիլոմետրանոց ընդհանուր սահմանը: Գործընթացը կանգ է առել 2024-ի գարնանը Տավուշում մոտ 12 կիլոմետր սահմանազատելուց հետո, որի ընթացքում հայկական կողմն Ադրբեջանին նաև չորս գյուղ վերադարձրեց: Թե երբ հերթը կհասնի խնդրահարույց կետերին, Ադրբեջանի գրաված հայկական հողերին, ինչպես նաև անկլավներին, առայժմ չի հաղորդվել։

Անկլավների թեման Հայաստանում դարձյալ ակտիվացավ, երբ վարչապետը վերջին շաբաթներին սկսեց Տիգրանաշենն իր խոսքում հիշատակել ադրբեջանական «Քյարքի» անունով: Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ անկլավների հարցով Ադրբեջանի հետ այժմ որևէ քննարկում չկա:

Բաքուն հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին

Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր քայլեր են ձեռնարկվել:

«Դրա վառ օրինակն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև հանդիպումները պաշտոնյաների միջև», - ասել է Բայրամովը՝ շարունակելով. - «Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրում նաև նշված է, որ գործընթացի ավարտի համար Հայաստանում նոր Սահմանադրություն պետք է ընդունվի: Դրա ժամկետները Հայաստանի ներքին գործն են: Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը ևս նոր հայտարարություններ արեց, որ Սահմանադրության տեքստը հանրությանը կներկայացվի տարեվերջին»:

Ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, իսկ պաշտոնական Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է մնում, ընդգծել է Բայրամովը:

Նա հայտնել է նաև, որ մոտ ապագայում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարարի հետ: Բայրամովը նշել է, որ վերջին անգամ Արարատ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Բիշքեկում, որտեղ ամսվա սկզբին անցկացվում էր Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը:

Ադրբեջանը Հայաստանի Անկախության հռչակագրի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին ձևակերպումները տարածքային պահանջ է համարում և Հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել:

Հայաստանի վարչապետը օգոստոսի վերջին նոր Կառավարության ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարեց՝ Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրությունում չպետք է լինի: Ժամկետներից Նիկոլ Փաշինյանը չխոսեց, միայն ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին:

«TRIPP-ի իրականացումն առանց Ադրբեջանի անհնար է»

Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ դրա շուրջ հիմնական բանակցություններն ընթանում են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, և ամերիկացի գործընկերները կանոնավոր կերպով տեղեկացնում են ադրբեջանական կողմին:

«Դա միանգամայն բնական է: Քանի որ այդ նախագծի իրականացումն առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է: Մեզ հաղորդում են, որ աշխատանքը շարունակվում է: Ֆիզիկական աշխատանքների սկիզբը տեղափոխվել է 2027 թվական», - հայտարարել է Բայրամովը:

«Մենք համարում ենք, որ որքան շուտ այդ նախագիծն իրականանա, այնքան լավ: Այն օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանի պետություններին», - ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը;

Բայրամովը հայտնել է, որ սկսվել է երկաթգծերի վերականգնումը Նախիջևանում, և որ այդ նախագծին մասնակցությամբ հետաքրքրված են նաև միջազգային գործընկերները:


Անցած տարվա օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը Սպիտակ տանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը: Վաշինգտոնում նաև հայտարարվեց ԱՄՆ նախագահի անունը կրող նախագծի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի մասին: ԱՄՆ աջակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ:

TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է: Երևանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են, որ TRIPP զարգացման համատեղ ձեռնարկությունում Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս: Տարբեր երկրների կողմից TRIPP-ի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց Հայաստանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ կորոշվի երրորդ երկրների ներդրումային մասնակցությունը, մոտ երկու շաբաթ առաջ «Ազատության» հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրն արդեն վավերացման փուլում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է TRIPP-ըՓաշինյանը Բիշքեկում հանդիպել է Ալիևի, Մոդիի հետ, վաղը կհանդիպի Պուտինին Փաշինյան. «Վերադարձի մասին չեմ խոսել, ընդամենը ասել եմ Քյարքի»«Սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը». Փաշինյանն անդրադարձավ անկլավների հարցին«Հասել ենք այնտեղ, որ մի ամիս առաջ, որտեղ ընտրություն ենք անցկացրել, քննարկում ենք՝ Հայաստան է, թե՞ չէ». ՎարդանյանԱնկլավների հարցով այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն, վստահեցնում է վարչապետըՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. վարչապետ«Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում». ի՞նչ կտա Անկախության հռչակագրի դուրս բերումը մայր օրենքից Նոր Սահմանադրության նախաբանում չի լինի հղում Անկախության հռչակագրին. Ջուլհակյան