Բաքվին հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչ անող օրինագիծ ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերման, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում շրջանառվում է Արտաքին ծառայության ակտում փոփոխության նախագիծ, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին: Ինչպես հաղորդում է ՀՅԴ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, նախաձեռնությունը գլխավորում է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, դեմոկրատ Բրեդ Շերմանը, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստի աջակցությամբ այն անցել է բոլոր ընթացակարգերը հանձնաժողովում քվեարկության դրվելու համար:

Շերմանը գործելու կոչ է արել հանձնաժողովին՝ մատնանշելով ադրբեջանական գերության մեջ գտնվողների նկատմամբ փաստագրված վատ վերաբերմունքը և ռազմի դաշտում հայ գերիների մահապատիժները, որոնցից մի քանիսը տեսագրված են:

«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների փաստագրված մահապատիժները, որոնք սահմռկեցուցիչ ձևով տեսագրվել են և տարածվել սոցիալական մեդիայում, ինչը հավաստել է Human Rights Watch-ը, կենսական է, որ Միացյալ Նահանգները հստակորեն հանդես գա հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակման օգտին», - հայտարարել է դեմոկրատ կոնգրեսականը:

Շերմանը նաև ընդգծել է, որ գերիների ազատ արձակումն ուղղակիորեն համահունչ է Հարավային Կովկասում խաղաղության նախագահ Թրամփի ջանքերին և կարող է դառնալ նշանակալի քայլ առաջ խաղաղության հասնելու ճանապարհին:

Հանձնաժողովի նախագահ Մաստը որոշ փոփոխություններից հետո իր աջակցությունն է հայտնել օրինագծին:

Հանձնաժողովի հավանությանն արժանանալու դեպքում նախագիծը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է նախաձեռնությունը:

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մեզ հուշում էին՝ այստեղ եք այնքան, ինչքան կցանկանա ՀՀ իշխանությունը, ցավոք այդպես է». Իշխանյանը՝ Բաքվի բանտիցԲաքվում սկսվել է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը «Կոչ եմ անում բոլորիդ օգնել մեզ». Դավիթ Բաբայանն ահազանգում է՝ իր իրավունքները կոպտորեն խախտվում ենԵՄ-ՌԴ ընտրության պատճառով Հայաստանը մեկ այլ ուժից է կախված լինելու՝ դառնալով վիլայեթ, պնդում է Ռուբեն ՎարդանյանըԸնդդիմադիրների խոսույթը չի նպաստում գերիների հարցի լուծմանը. ՓաշինյանԱմոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, երբ ՀՀ քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ. Ռուբեն Վարդանյան