Ադրբեջանի նախագահի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են ցուցարարներին, որոնք երկրում պահվող քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա էին անում հյուրանոցի դիմաց, որտեղ գիշերել է Իլհամ Ալիևը: Ադրբեջանի նախագահը «Խաղաղության խորհրդի» նիստին մասնակցելու համար էր մեկնել Վաշինգտոն:
«Ազատություն քաղբանտարկյալներին», - Սպիտակ տնից մի քանի փողոց այն կողմ գտնվող Waldorf Astoria հյուրանոցի դիմաց վանկարկում էին ցուցարարները, որոնց Ալիևի անվտանգության աշխատակիցները հրում են, հարվածում և բռնի ուժով հեռացնում տարածքից:
Ըստ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցների՝ ցուցարարները փորձել են անկարգություններ հրահրել և ներխուժել հյուրանոց. մեղադրանքներ, որոնք ցուցարարները հերքում են։
Ադրբեջանի նախագահի կոշտ քննադատ, խարդախության մեղադրանքով 9 տարվա ազատազրկման դատապարտված Թոֆիգ Յագուբլուի որդին՝ ԱՄՆ-ում բնակվող Ռահիմը պատմել է, որ ընդամենը 7-8 հոգով հավաքվել էին հյուրանոցի դիմաց՝ խաղաղ ցույցի և պահանջելու, որ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, այդ թվում՝ ապօրինաբար բանտարկված լրագրողներն ու իրավապաշտպանները:
«Այստեղ որևէ սադրանք չկար: Երկրում Իլհամ Ալիևի դեմ բողոքելն անհնար է, հավաքների ազատությունն Ադրբեջանում արգելված է 2019-ից: Ստիպված էինք մեր կարծիքն ու կարգախոսները հնչեցնել արտերկրում: Դժբախտաբար, Ադրբեջանի իշխանությունները և Ալիևի թիկնապահները կոշտ արձագանքեցին: Նրանք ծեծեցին մեզ, պատռեցին հագուստս», - փոխանցել է Ռահիմ Յագուբլուն:
Մեկ այլ ցուցարար՝ Ադիլ Ամրախլին, պատմել է, որ Ալիևի թիկնապահներն իրենց վրա հարձակվել են, երբ իրենք հյուրանոցի գլխավոր մուտքից վազել են դեպի մեկ այլ մուտք՝ փորձելով թույլ չտալ, որ Ալիևն աննկատ հեռանա:
«Մենք մտադիր էինք խաղաղ բողոքի ակցիա անցկացնել՝ պահանջելով Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակել», - ասել է ԱՄՆ-ում բնակվող Ամրախլին, որը թիկնապահներից փախչելիս վնասել է ոտքը: Եվս չորս ցուցարար, այդ թվում՝ Յագուբլուն, նույնպես վնասվածքներ են ստացել:
Վաշինգտոնում «Ազատության» թղթակցի փոխանցմամբ`տեղի դատախազությունը հետաքննում է միջադեպը։ Պետդեպարտամենտը դեռ չի արձագանքել, սպասում է Դիվանագիտական անվտանգության ծառայության արձագանքին։
Վաշինգտոնի ոստիկանությանն խոսնակ Թոմ Լինչը հայտնել է, որ միջադեպին «ներգրավված են եղել Ադրբեջանի անվտանգության աշխատակիցները»: Սակայն նա չի նշել, թե արդյո՞ք ոստիկանությունը միջամտել է, կամ միջադեպի մասնակիցները երկրո՞ւմ են, թե՞ լքել են այն: Միայն հայտնել է, որ հարցը փոխանցվել է Պետդեպարտամենտ։
Դեպքի վայրում են եղել նաև ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնք ևս ապահովել են Ալիևի անվտանգությունը: Waldorf Astoria-ի ղեկավարությունն էլ հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցի տարածքից դուրս:
Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Ադրբեջանում, որտեղ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները խիստ սահմանափակված են, 400 քաղբանտարկյալ է պահվում բանտերում:
Մի շարք կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանն արդեն 22 տարի ղեկավարող Ալիևի թիկնապահների գործողությունները: Ներկայացուցիչների պալատի անդամ Լորա Ֆրիդմանը սոցցանցում գրել է, որ ԱՄՆ նախագահն Ադրբեջանը դարձրեց իր «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, բայց այն, ինչ անում են Ալիևի թիկնապահները, աղերս չունի խաղաղության հետ:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանը ցուցարարների և խոսքի ազատության վրա իր հարձակումներն անպատիժ իրականացնի ամերիկյան հողում։ Այս հարձակման համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - պնդել է կոնգրեսականը:
Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն էլ նախագահ Թրամփին և Արդարադատության նախարարությանը կոչ է արել ամեն ինչ անել՝ ապահովելու, որ այդ բռնարարները չկարողանան լքել երկիրը և անմիջապես կանգնեն օրենքի առաջ:
«Ալիևի նման արյունռուշտ բռնապետերը տեղ չունեն Վաշինգտոնի փողոցներում: Եվ նրանք իրավունք չունեն վարձու ավազակների ուղարկել՝ մեր մայրաքաղաքի փողոցներում ցուցարարների վրա հարձակվելու համար», - ընդգծել է Փալոնը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի քաղաքականության հարցերով տնօրեն Ալեքս Գալիցկին, իր հերթին, հայտարարել է, որ Բաքվի «ռեժիմն իր բռնապետությունը բերել է Վաշինգտոն»: «Եվ սրանք մեր «խաղաղության գործընկերնե՞րն» են: Ալիևը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային այս անամոթ բռնաճնշման համար», - սոցցանցում գրել է նա:
2017-ին էլ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահներն էին ծեծել նրա դեմ բողոքող ցուցարարներին: Էրդողանն այդ պահին դեսպանատանն էր եղել, իսկ միջադեպը տեղի էր ունեցել Թրամփի հետ հանդիպումից հետո:
Եթե Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպը հայտնվել էր ամերիկյան առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ապա Ալիևի թիկնազորի բռնարարքներին առաջատարներից դեռ միայն The Washington Post-ն է անդրադարձել: Ոչ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը, ոչ էլ Պետքարտուղարությունը չեն պատասխանել միջադեպի վերաբերյալ թերթի հարցերին: