Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կարճել են Էրդողանի 15 թիկնապահներից 11-ին առնչվող քրգործերը


Էրդողանի թիկնապահները ծեծում են ցուցարարներին, Վաշինգտոն, մայիս, 2017 թ․

ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը կասեցրել է քրեական հետապնդումը Թուրքիայի նախագահի թիկնազորի մի շարք անդամների նկատմամբ: Վաշինգտոնում անցած տարի նրանց առաջադրված մեղադրանքների պատճառով դիվանագիտական խութեր էին առաջացել ԱՄՆ - Թուրքիա հարաբերություններում:

Բռնությունների մեջ մեղադրվող 15 թիկնապահներից 11-ին առնչվող գործը կարճվել է, գրում է «Wall Street Journal»-ը՝ նշելով, թե այդպիսով կվերանա թուրք-ամերիկյան լարվածության աղբյուրներից մեկը: ԱՄՆ դատախազությունն առաջին չորսի մեղադրանքները կարճելու հայցով դատարան էր դիմել դեռ անցած տարվա նոյմբերեին, իսկ այս տարվա փետրվարի 14-ին՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա այցից մեկ օր առաջ կասեցվել էին ևս 7 թուրք թիկնապահներին առաջադրված մեղադրանքները: Նրանց թվում էր նաև Ռեջեփ Էրդողանի թիկնազորի ղեկավարը:

Ամերիկյան դատախազությունը չի հրապարակել մեղադրանքները կարճելու որոշումները և որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Դատախազության գրասենյակն այդ մասին հայտնել է՝ պատասխանելով «Wall Street Journal»-ի հարցմանը:

Ամերիկացի պաշտոնյաների շահերն անվճար պաշտպանող փաստաբանների խոսքով, դատախազության նկատմամբ ճնշումներ չեն եղել, այսինքն՝ այդ կառույցին չեն հարկադրել քաղաքական պատճառներով հրաժարվել առաջադրած մեղադրանքներից: Ըստ նույն աղբյուրի, քննիչները սխալվել են կասկածյալներից մի քանիսի ինքնությունը պարզելու հարցում, նաև չեն կարողացել բավարար ապացույցներ գտնել՝ կապված մյուսների հետ:

Ըստ հրապարակման՝ Անկարա կատարած իր այցի ընթացքում նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի ղեկավարների հետ մասնավոր հանդիպումներում ընդգծել է Էրդողանի թիկնազորի անդամներին առաջադրված մեղադրանքները կասեցնելու հանգամանքը:

«Wall Street Journal»-ի մեկնաբանը նշում է, որ Անկարայի հետ հարաբերությունները վերբեռնելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի ջանքերը հանդիպում են մի շարք խութերի, որոնց թվում են Էրդողանի թկնազորի անդամների դեմ Վաշինգտոնում հարուցված քրգործերը և Սիրիայի քրդական ջոկատներին զինելու՝ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Էրդողանի թիկնապահների դեմ մեղադրանք էր առաջադրվել անցած տարվա մայիսին նրա՝ ԱՄՆ այցի ընթացքում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեացած բախումերից հետո: Էրդողանի թիկնազորի անդամները հարձակվել էին նրա այցի դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Բողոքի ցույցի մասնակիցները հիմնականում քրդեր էին, սակայն այնտեղ էին նաև ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Տեսանյութերում երևում է, թե ինչպես են Էրդողանի թիկնապահները բռունցքներով, ոտքերով հարվածում վայր ընկած ցուցարարներին, իսկ Վաշինգտոնի ոստիկաններն ու անվտանգության ծառայության աշխատակիցները փորձում են բաժանել նրանց: Այդ միջադեպի հետևանքով առնվազն 9 ցուցարար հոսպիտալացվել էր, վիրավորվել էին ամերիկյան անվտանգության ծառայության երկու աշխատակիցներ և մեկ ոստիկան:

Ամերիկյան օրենսդիրները խստորեն դատապարտել էին այդ հարձակումը, նաև կոչեր հնչեցրել՝ ԱՄՆ-ից վտարել Թուրքիայի դեսպանին: Կոլումբիայի շրջանի ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը միջադեպը բնորոշել էր որպես «դաժան հարձակում խաղաղ ցուցարարների վրա»:

Թուրք պաշտոնյաներն, իրենց հերթին, մեղադրում էին ցուցարարներին՝ էրդողանի աջակիցների վրա հարձակվելու համար, ինչպես նաև մեղադրում էին Վաշինգտոնի ոստիկանությանը և անվտանգության ծառայություններին՝ բավարար գործողությունների չդիմելու, անվտանգությունը չապահովելու համար: Իսկ Ռեջեփ էրդողանն իր թիկնազորի անդամներին առաջադրված մեղադրանքները սկանդալային էր որակել, աելով, թե թիկնապահներն իրեն ուղեկցում են իր անվտանգությունը ապահովելու համար:

Վաշինգտոնի ոստիկանությունը մի որոշ շրջան Պետդեպի հետ համատեղ աշխատում էր՝ պարզելու կասկածյալների ինքնությունը, սակայն անցած տարվա նոյեմբերից, երբ կասեցվեցին թուրք թիկնապահներից չորսին առաջադրված մեղադրանքները, քրգործը սկսեց խարխլվել:

Թուրք-ամերիկյան համագործակցության կազմակերպության համանախագահ, իրավաբան Գունայ Էվինչն ասել է, որ գործով անցնող չորս թիկնապահները կարող են ապացուցել, որ բախումների պահին իրենք այնտեղ չեն գտնվել: Վաշինգտնում Էրդողանի աջակիցների հավաքը հենց այդ կազմակերպությունն էր նախաձեռնել:

ԱՄՆ դաշնային դատախազության գրասենյակը «Wall Street Journal»-ի հարցման պատասխանում նաև նշել է, որ Էրդողանի թիկնազորի չորս անդամների, ինչպես նաև բախումներին մասնակցած՝ Կանադայի երկու քաղաքացիների դեմ մեղադրանքները մնում են ուժի մեջ: Նրանցից ոչ մեկը ձերբակալված չէ: ԱՄն-ի երկու քաղաքացիներ այժմ սպասում են դատավճռի․ անցած դեկտեմբերին նրանք մեղավոր են ճանաչվել բռնությունների դիմելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG