Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսականները Վաշինգտոնից պահանջում են պատժել Էրդողանի թիկնազորի բռնարարներին


Էրդողանի ԱԾ աշխատակիցները ծեծի են ենթարկում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017 թ․
Էրդողանի ԱԾ աշխատակիցները ծեծի են ենթարկում Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին, Վաշինգտոն, 16-ը մայիսի, 2017 թ․

Այս պահանջը պարունակող բանաձևի նախագիծն օրերս շրջանառության մեջ են դրել ամերիկյան Կոնգրեսի մի շարք ազդեցիկ անդամներ:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները պաշտոնական Վաշինգտոնին կոչ են անում խստորեն պատժել մոտ երեք շաբաթ առաջ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև տեղի ունեցած միջադեպի մեղավորներին և քայլեր ձեռնարկել, որոնք կբացառեն նմանատիպ դեպքերի կրկնությունը:

Այս պահանջը պարունակող բանաձևի նախագիծն օրերս շրջանառության մեջ են դրել ամերիկյան Կոնգրեսի մի շարք ազդեցիկ անդամներ, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը, Նյու-Յորքից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Ինգլը և Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին ՄըքՔարթին:

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 16-ին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Այն պահին երբ Էրդողանը պաշտոնական հանդիպումներից հետո ժամանել էր Թուրքիայի դեսպան Սերդար Քիլիչի նստավայր, էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել դեսպանատան հարևանությամբ` Շերիդանի հրապարակում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցներին:

Խստորեն դատապարտելով Վաշինգտոնում տեղի ունեցած այդ միջադեպը, Ներկայացուցիչների պալատի օրակարգում ընդգրկված բանաձևի հեղինակները նաև հիշեցնում են, որ ընդհարումից անմիջապես հետո Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել, ապա ազատ էր արձակել Թուրքիայի նախագահի թիկնապահներից երկուսին, քանի որ նրանց վրա ևս տարածվում է անձեռնմխելիության այն իրավունքը, որով օժտված են ԱՄՆ այցելող օտար պետությունների ղեկավարները:

«Պետդեպարտամենտը` [Էրդողանի] անվտանգության ծառայության այդ աշխատակիցների ազատ արձակումից առաջ չի պահանջել Թուրքիայի իշխանություններից, որպեսզի այդ մարդիկ, հետաքննության շահերից ելնելով, զրկվեն անձեռնմխելիությունից»,- նշում են ամերիկացի կոնգրեսականները, նաև ընդգծելով՝ ամերիկյան իշխանությունները թույլ են տվել, որ միջադեպի այդ երկու մասնակիցներն առանց որևէ խոչընդոտի լքեն Միացյալ Նահանգների տարածքը:

Հատուկ նշելով, որ թիկնազորի նման պահվածքը որևէ բանով արդարացված չէր, քանի որ «Էրդողանին վտանգ չէր սպառնում»՝ ամերիկացի օրենսդիրները նաև հիշեցնում են, որ Ռեջեպ Թայիփ Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ մայիսի 16-ին տեղի ունեցած ընդհարումը թվով երրորդ նման միջադեպն էր Միացյալ Նահանգների տարածքում:

«2011 թվականին, Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբելայի նիստի ընթացքում, ՄԱԿ-ի միջանցքներում ծեծկռտուք ծագեց Էրդողանի թիկնապահների և կազմակերպության անվտանգության ծառայության աշխատակցիների միջև: Դրա հետևանքով ՄԱԿ-ի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: 2016-ին էլ Թուրքիայի նախագահի թիկնապահները բռնություն կիրառեցին Brookings հաստատությունում կազմակերպված հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ»,- հիշեցնում են ամերիկացի կոնգրեսականները:

Իրենց դժգոհությունը հայտնելով Թուրքիայի նախագահի թիկնազորի պահվածքի առթիվ` բանաձևի հեղինակները պահանջում են․ «ԱՄՆ-ը պետք է մեղադրանք առաջադրի և պատասխանատվության ենթարկի Թուրքիայի անվտանգության ծառայության բոլոր այն աշխատակիցներին, ովքեր ուղղորդել, վերահսկել կամ մասնակցել են մայիսի 16-ի ցույցը ցրելուն ուղղված անօրինական գործողություններին»:

«Այն հարգանքը, որ Միացյալ Նահանգերը տածում է ազատ խոսքի հանդեպ, պահանջում է, որպեսզի ամերիկացի պաշտոնյաները հստակ կերպով արտահայտվեն նման միջադեպերի դեմ, ինչպես նաև քայլեր ձեռնարկեն Թուրքիայի նման պետություններում մամուլի և քաղաքացիական ազատություններն ամրապնդելու համար: ԱՄՆ-ը պետք է պայքարի նաև օտարերկրյա պետությունների ղեկավարների` իրենց երկրներում խաղաղ և ազատ բողոքի ցույցերը ճնշելուն ուղղված գործողությունների դեմ»,- նաև նշված է ամերիկացի կոնգրեսականների մշակած բանաձևի տեքստում:

Բանաձևի նախագիծը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկման կդրվի այսօր ուշ երեկոյան: Քվերակությունն, ըստ ամենայնի, կավարտվի այն ժամանակ, երբ Երևանում ուշ գիշեր լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG