ԱԺ ընդդիմադիր ուժերը մտադիր են մասնակցել աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովում ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը երեք ամիս առաջ էր ընտրողներին խոստանում՝ իշխանության դեմ պայքարը հունիսի 7-ով չի ավարտվում, կշարունակեն աշնանը համայնքներում։

Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում, որն ընդգրկում է 10 գյուղ, ավագանու ընտրություններ են, ու մասնակցում է միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ընդդիմադիրները չկան։

Մամիկոն Ասլանյան, արխիվ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ըստ ժամանակացույցի, ըստ ժամանակագրության, որ համայնքներում որ կլինեն արդեն իսկ նախատեսված ու հայտարարված ՏԻՄ ընտրություններ, այնտեղի նկատմամբ ժամկետներում կարտահայտի իր վերաբերմունքը», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Մամիկոն Ասլանյանը:

Ընդդիմադիր ամենամեծ ուժը մտադիր է հոկտեմբերին սպասվող համայնքային ընտրությունների պայքարին միանալ։ 10 մարզի 20 համայնքում ընտրություններ են, մեծ մասը՝ խոշոր. Գորիս, Ստեփանավան, Հրազդան, Մարտունի, Եղեգնաձոր, Դիլիջան, Իջևան ու էլի համայնքներ կան։ «Ուժեղ Հայաստան»-ում սկսվել են քննարկումները, վստահեցնում է պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, բայց դեռ ուղիղ չի ասում՝ իրենք որ համայնքներում են հակված պայքարել։

«Ուսումնասիրում ենք մեր ռեսուրսները, հանդիպում ենք տեղական ակտիվների հետ և, բնականաբար, երբ որ արդեն օրենքով նախատեսված ժամկետը կգա թեկնածուների, դաշինքների կամ կուսակցությունների թիմերի առաջադրման, մենք այդ ժամկետներում կունենանք։ Այս պահին տեղերում, մարզերում կատարվում են ակտիվ աշխատանքներ», - նշեց Ասլանյանը:

Իսկ քննարկո՞ւմ են ընդդիմության համախմբված մասնակցության տարբերակը, հատկապես խոշորացված համայնքներում։ Մամիկոն Ասլանյանը, որ Փաշինյանի իշխանության օրոք հաղթել է Վանաձորի ընտրություններում ու հետո կոռուպցիոն մեղադրանքով կալանավորվել, ասաց՝ համախմբված մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չունեն։

«Երբ որ մենք ռեսուրսները, մեր ակտիվը կամ կուսակցական մեր ակտիվությունը նայում ենք, նաև հաշվի ենք առնում համայնքում այլ ուժերի առկայությունը, համայնքում այլ՝ ավելի բարձր կամ ավելի ցածր պոտենցիալ ունեցող քաղաքական թիմերի առկայությունը, ակտիվությունը, և դրան համապատասխան նաև մեր որոշումները կկայացնենք», - ընդգծեց նա:

Համայնքային ընտրապայքարին միանալու թեման ակտիվ է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքում։ Համայնքների մեծ մասում կմասնակցեն, քննարկում են ձևաչափը, «Ազատությանն» ասաց դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը, արխիվ

«Դաշինքին մաս կազմող կուսակցությունները մի շարք խոշորացված համայնքներում ընտրություններին մասնակցելու են», - նշեց Սաղաթելյանը:

Ընդդիմադիր պատգամավորը խուսափեց նշել համայնքների անունները, միայն ասաց՝ հիմնականում կմասնակցեն ոչ թե «Հայաստան» դաշինքով, այլ դաշինքին մաս դարձած Դաշնակցություն ու «Առաջ» կուսակցություններով։ «Առաջ»-ը պատգամավոր Սևակ Խաչատրյանի հիմնած կուսակցությունն է։ Վաղարշապատ համայնքի ընտրություններում Դաշնակցությունն էլ հավաքել էր ավելի քան 9000 քվե։

«Չեմ բացառում՝ տեղեր լինեն նաև դաշինքով մասնակցենք, բայց հիմնականում, առնվազն այս հոկտեմբերի ընտրություններին մասնակցելու ենք կուսակցությունով։ Այս պահին եկեք չասեմ, թող հստակեցվի, կեսից ավելի համայնքներում, նու ավելի շատ մասնակցելու ենք, էլի», - ասաց նա:

Արման Աբովյանը, արխիվ

Խորհրդարանից մի քանի տասնյակ ձայներով դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս թեման չեն էլ քննարկում։ Կուսակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց՝ համայնքային ընտրություններին մասնակցելու թեմայով դեռ ոչինչ չի կարող ասել, քննարկում չկա։

Կուսակցության առաջնորդն էլ՝ Գագիկ Ծառուկյանը, կալանավորված է։ Ազատությունից զրկված են նաև ընտրություններին մասնակցությունը քննարկող երկու ուժերի առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը բանտում է, Սամվել Կարապետյանը՝ տնային կալանքի տակ։

Համայնքային ընտրությունների առաջադրումները շուտով կսկսվեն ու պարզ կդառնա արտախորհրդարանական ընդդիմությունից որ ուժերն են պայքարելու։ Այս պահին պարզ է, որ ընտրություններին ակտիվ կմասնակցի իշխող ուժը։