ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են

Ազգային ժողովում այսօր շարունակվում է 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը:

Ավարտվեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի թեկնածության քննարկումը: Այժմ «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Արման Եղոյանը ներկայացնում է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Պետաիրավական հանձնաժողովի առաջիկա անելիքներից է լինելու նոր Սահմանադրության քննարկումները կազմակերպելը։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որի իրական հեղինակը ժողովուրդն է»,- ասաց պետաիրավական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածուն:

Արուսյակ Ջուլհակյանին հարցեր տալու փուլում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները փորձեցին ընդհատել, երբ Ջուլհակյանը հնչեցրեց Վեհափառի անունը՝ նրան նրան անվանելով Կտրիճ Ներսիսյան: Ի նշան բողոքի՝ նրանք սկսեցին հարվածել սեղանին, ինչից հետ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զգուշացրեց՝ եթե նման բան մեկ անգամ էլ կրկնվի, իրենք նույն կերպ կվարվեն, եթե «Ուժեղ Հայաստան»-ի անդամները կաթողիկոսի մասին խոսելիս նրան անվանեն Վեհափառ:

Օրերս էլ ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանն էր կաթողիկոսին դիմել աշխարհիկ անունով, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն էլ ի նշան բողոքի սկսել էին հարվածել սեղաններին:

ԱԺ 12 հանձնաժողովներից 8-ի նախագահներին կառաջադրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահներ առաջադրելու համար ընտրեց Պաշտպանության և անվտանգության հարցերի, Պետաիրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի և Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովները:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները:

«Հայաստան» խմբակցությունն ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրաինտեգրման հանձնաժողովը՝ «Ուժեղ Հայաստանին», Եվրասիականը՝ ՔՊ-ին. ինչպես բաշխվեցին ԱԺ հանձնաժողովները