ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ այսօր տեղի կունենա Խաղաղության խորհրդի առաջին նիստը: Ակնկալվում է, որ կմասնակցեն ավելի քան 45 երկրների ներկայացուցիչներ։
Սպասվում է, որ խորհուրդը կքննարկի Գազայի ապագայի վերաբերյալ չլուծված հարցերը՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինաթափումը, վերականգնման հիմնադրամի չափը և պատերազմից ծանր տուժած բնակչությանը մարդասիրական օգնության հոսքը:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը չեն մասնակցելու:
Թրամփի Խաղաղության խորհրդում է նաև Իսրայելը, սակայն պաղեստինյան ներկայացուցիչներ չկան:
Ներկայացված են լինելու նաև Հայաստանը և Ադրբեջանը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ է մեկնել ԱՄՆ:
Անցյալ ամիս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ընդունել էին նախաձեռնությանը միանալու առաջարկությունը և Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում ներկա են գտնվել կանոնադրության ստորագրության պաշտոնական արարողությանը։
Ի սկզբանե հայտարարվել էր, որ այս նախաձեռնությունը Գազայի վերականգնումն է վերահսկելու, այժմ, սակայն, Թրամփն ավելի մեծ խնդիրներ է դրել խորհրդի առջև՝ հայտարարելով, թե այն պետք է լուծի գլոբալ հակամարտությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վատիկանը չի մասնակցի «Խաղաղության խորհրդին»