Ավստրալիայում ապաստան ստացած 3 իրանցի ֆուտբոլիստներ վերադառնում են Իրան

Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Ավստրալիայում մնացած և այնտեղ ապաստան ստացած Իրանի կանանց ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ որոշել են վերադառնալ հայրենիք։

«Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի երեք անդամներ որոշում են կայացրել միանալ թիմի մնացած անդամներին, ովքեր վերադառնում են Իրան», - ասել է Ավստրալիայի ներքին գործերի նախարար Թոնի Բյորկը։

Նախարարի խոսքով՝ այն բանից հետո, երբ մարզիկները Ավստրալիայի իշխանություններին տեղեկացրել են իրենց որոշման մասին, նրանց բազմիցս առաջարկվել է քննարկել հնարավոր տարբերակները։

Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը հրապարակել է ֆուտբոլիստների լուսանկարները և նշել նրանց անունները՝ Մոնա Համուդի, Զահրա Սարբալի և Զահրա Մոշկեկար։ Գործակալությունը հայտնել է, որ մարզիկները, մերժելով «Ավստրալիայի գայթակղիչ և քաղաքականացված առաջարկը», վերադառնում են «իրենց ընտանիքների և հայրենիքի ջերմ գիրկը»։

Tasnim-ի փոխանցմամբ՝ մարզիկները մեկնել են Կուալա Լումպուր՝ միանալու Ավստրալիայից տուն վերադարձող թիմի մնացած անդամներին։

Կանանց Ասիայի գավաթն անցկացվեց Ավստրալիայում: Մրցաշարի ընթացքում իրանցի ֆուտբոլիստուհիները հրաժարվեցին երգել ազգային օրհներգը և լուռ կանգնած մնացին դրա կատարման ժամանակ: Իրանում այս վարքագիծը համարվեց բողոք՝ երկրի իշխանությունների դեմ, և մարզիկներին անվանեցին «դավաճաններ»:

Ավստրալիան ապաստան առաջարկեց կին խաղացողներին, և թիմի յոթ անդամներ ընդունեցին առաջարկը։ Ավելի ուշ խաղացողներից մեկը փոխեց իր միտքը և կապվեց Իրանի դեսպանատան հետ՝ բացահայտելով թիմի մնացած անդամների համար հատկացված անվտանգ վայրը։ Այնուհետև Ավստրալիայի իշխանությունները շտապ տեղափոխեցին խաղացողներին մեկ այլ վայր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը քննադատում է Ավստրալիային՝ Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի վերադարձի հարցով