Արցախից բռնի տեղահանված կնոջ նկատմամբ վարչապետի վարքագիծը դատապարտում են հասարակական կազմակերպությունները:
«Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- արցախցի կնոջ հետ զրույցում ասել էր վարչապետը:
Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության նկատմամբ «անհանդուրժող և ատելության խոսք» են որակել Փաշինյանի ասածները:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավապաշտպան Աննա Մելիքյանը շեշտում է. «Պետք է ասել, որ Ադրբեջանը չի դադարում տարբեր մակարդակներում և՛ իրենց ԶԼՄ-ների միջոցով, և՛ պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ նաև միջազգային կազմակերպություններում անընդհատ ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, Արցախի բնակչությունը կամավոր է լքել տարածքը և հնարավորություն է ունեցել մնալու։ Ու, ըստ էության, նման մեղադրանք հնչեցնելով, այո, կրկին մենք խեղաթյուրում ենք իրականությունը և ցույց ենք տալիս, որ, ըստ էության, անձինք կարող էին մնալ: Բայց այլ բազմաթիվ փաստահավաք զեկույցներ, որոնց նաև մեր կազմակերպությունն է մասնակցել, այդ թվում նաև Freedom House-ի հետ համատեղ, հստակորեն եզրահանգում են, որ մնալը տարբերակ չէր. և՛ կյանքը, և՛ առողջությունը փրկելու համար անձինք ստիպված եղել են թողնել իրենց տները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մատ թափ տալուց» մինչև ներողություն. «վարչապետը թիրախավորել է բոլոր արցախցիներին»Արցախցիներին փախչելու համար մեղադրանքներn ատելությունից բացի նաև զրպարտություն են, այդ մեղադրանքերը իրականությանը չեն համապատասխանում, ասում է իրավական փորձագետ Աննա Մելիքյանը: Իրենց կազակերպությունն էլ է միացել Փաշինյանի վարքագիծը դատապարտող հայտարարությանը:
Մելիքյանի խոսքով.- «Հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակային խոսքում նման խոսույթն ինչու է անընդունելի, որովհետև նաև հրահրում է ընդհանուր հասարակությունում լարվածություն և թշնամանք»:
Նիկոլ Փաշինյանը կիրակի մետրոյի վագոնում Հայաստանի քարտեզի պատկերով կրծքանշան էր առաջարկել Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանին, որ որդու հետ էր: Արցախյան առաջին պատերազմում զոհված Մերուժան Մոսիյանի դուստրը մերժել էր, թիկնապահներով պաշտպանված Փաշինյանը հունից դուրս էր եկել ու մատ թափ տալով կնոջը հրահանգել իրեն չմեղադրեն Արցախը տալու համար:
Կազmակերպությունները բացի Հայաստանի ղեկավարի խոսքի բովանդակությունից, դատապարտել ու անընդունելի են համարել պաշտոնյայի վարքագիծը: Այդ կազմակերպությունների գնահատմամբ՝ սա կնոջ նկատմամբ հոգեբանական բռնություն է. «Հատկապես, որ շրջապատված էր անվտանգության աշխատակիցներով, իր մեջքի հետևում, այսպես ասած, կանգնած է պետության ողջ հարկադրանքի մեխանիզմը, ըստ էության, հատկապես երեխայի ներկայությամբ մենք da գնահատել ենք, այո, որպես հոգեբանական բռնության դրսևորում»,- շեշտեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավապաշտպան Աննա Մելիքյանը:
Այս աղմկահարույց միջադեպին հանրությունը շատ կոշտ արձագանքեց ու ժամեր անց Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց.
«Բայց այդ ներողությունը պետք է խոսքից գործի մեջ էլ արտահայտվի, ըստ էության։ Ներողություն խնդրելուց հետո տեսանք, որ իշխանամերձ ԶԼՄ-ներով հատուկ շեշտադրմամբ և վերտառությամբ նյութեր են տարածվում, որոնք է՛լ ավելի շատ են գեներացնում ատելության խոսքը։ Այսինքն՝ մեզ համար դա համոզիչ կարող էր չթվալ, որովհետև, ըստ էության, եթե հստակ մեսիջ է, որ անընդունելի էր, ու իրոք, վատ է զգացել կամ մտափոխվել է, որ օգտագործել է կոնկրետ բառապաշար կամ ընդհանրապես նման վարքագիծ է դրսևորել, ըստ էության, դա պետք է նաև արտահայտեր ընդհանուր, կարծում եմ, իշխանամերձ ԶԼՄ-ների խոսույթից էլ պետք է պարզ լիներ, ըստ էության, իսկ դրանով, հենց էդ ԶԼՄների վարքագծով չեզոքացվում է այդ ներողությունը»,- նկատում է իրավապաշտպանը:
Հայաստանում արցախցիների դեմ հատկապես սոցցանցերում ատելության խոսքը չի մարում: Իրավապահներն էլ արցախցիների դեմ թշնամանքի ու բռնության հրապարակային կոչերին պատշաճ չեն արձագանքում: Հակառակը, իրավապահները ակտիվ ու հետևողական են, երբ ամեն ինչ կորցրած, բռնի տեղահանված ու խոցելի արցախցիներն են որևէ խոսք ասում իշխանության հասցեին:
«Շուրջ 50 գործը, երբ դիտարկել ենք, դրանցից ընդամենը մեկն էր, այն էլ մի քանի տարի առաջ, որ թիրախում, կարծես թե, արցախցիներից մեկն էր: Դրանից հետո, այսինքն՝ վերջին տարիներին, ընդհանրապես նենց գործ դատարան չի հասել, չենք տեսել, հակառակն ենք տեսել, երբ հատկապես Արցախից բռնի տեղահանված անձինք, որոնք որոշ դեպքերում էմոցիաների ազդեցության ներքո գրառումներ են կատարում, և դա որպես հիմք է ընդունվում, որպեսզի քրեական գործ հարուցվի և մեղադրանք առաջադրվի»,- ասում է իրավապաշտպան Աննա Մելիքյանը: