Արթուր Օսիպյանը հինգերորդ օրն է շարունակում է հացադուլը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի Արթուր Օսիպյանի վեճը, Երևան, 18-ը մայիսի, 2026թ.

Արաբկիրում վարչապետի հետ վիճաբանությունից հետո կալանավորված Արթուր Օսիպյանը հինգերորդ օրն է շարունակում է հացադուլը: Փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը երեկ է տեսակցել Արթուրին, որը փոխանցել է՝ բողոքի ծայրահեղ միջոցը չի դադարեցնի, մինչև Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի.

«Իրեն փախած անվանելու, իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի: Արցախում մարդիկ սովից մահանում էին, 30 հազար երեխա գրեթե ամենօրյա ռեժիմով լացում էր մի կոնֆետի համար, և Նիկոլ Փաշինյանը, լինելով հայ ազգի առաջնորդը, 30 հազար երեխայի թողել էր անօգնական», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Արցախցի Արթուր Օսիպյանը թեժ վիճաբանության ժամանակ վարչապետին հիշեցնում էր բանակցային գործընթացը, քննադատում նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությանը: Ի վերջո, սակայն, բանը հասավ վիրավորանքների, երբ ակտիվիստն ասաց, թե Ալիևը ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցն է բարձրացնում.

«Դու ի՞նչ ես էկել ստեղ ադրբեջանական նարատիվներ տանում: Իրա ասելով չի, իրա ասելով չի»: - «Ադրբեջանական նարատիվները դուք եք է տանում: Բայց մի քիչ ցածր խոսացեք է, ձեր դեմը ո՛չ Սերժ կա, ո՛չ Քոչարյան, որ տենց կեղտում խրված ըլի, դուք էլ մատ թափ տաք»: - «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»:

Ժամեր անց Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով:

Փաշինյանի թիմակից նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել քրեական գործը, բայց պնդեց՝ վարչապետը նկատի ունի միայն Լեռնային Ղարաբաղի էլիտային, «ովքեր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը թալանելով, հարստահարելով՝ Երևանում միլիարդների ունեցվածք են դիզել և հիմա Երևանում մեծ-մեծ խոսում են ծովից ծով Հայաստան ունենալու մասին»:

Արթուր Օսիպյանը Լեռնային Ղարաբաղում պետական պաշտոններ չի զբաղեցրել: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ նա պետք է օր առաջ ազատ արձակվի:

«Անցանկալի հարցեր, որոնց չպատասխանեց, և իր էդ կարողությունը՝ բանտ գցելու մարդկանց, որը մենք շարունակաբար տեսնում ենք, և մարդուն քաշքշեցին, անպատվեցին, վերջին խոսքերով... Օրինակ, որ ասում ես Արթուրին «տականք», կարող է՞ նա քեզ ասել էդ նույն բառը, թե՞ չէ», - նշեց իրավապաշտպանը:

Գործի հիմքում իրավապահները դրել են ոչ միայն քարոզարշավի միջադեպը, այլև Օսիպյանի գրառումը սոցցանցում. վարչապետին հանդիպելուց առաջ նա հետաքրքրվել էր, թե որտեղ է Փաշինյանը, որպեսզի «բմբուլները օդ հանի»:

«Դա փոխաբերական իմաստ ունի՝ էդ արտահայտությունը, դա ոչ վիրավորական իմաստ ունի, բանավեճում հաղթելու իմաստն է դրա մեջ: Եվ բանավեճում հաղթելը ակնհայտ կլիներ, եթե նա փորձեր բանավիճել Արթուրի հետ, և լավ կլիներ, որ պատասխաներ Արթուր հարցերին: Ի՞նչ հաշվեհարդարի էլեմենտ մենք տեսանք Արթուրի քայլերում. նա հորդորում էր իջեցնել ձայնը, դուք տեսե՞լ եք որևէ կադր, որտեղ ոչ հարիր է իրեն պահում Արթուր Օսիպյանը, ո՛չ, չկա՛», - ընդգծեց Ալեքսանյանը:

Փաստաբանն ահազանգում է, որ Օսիպյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հացադուլավորների խցում հինգերորդ օրն է զրկված է արևի լույսից:

«Մնացած բանտախցերի պայմանները զգալի ավելի լավ են, քան այն բանտախցի պայմանները, որտեղ պահվում է Արթուր Օսիպյանը. այդ բանտախուցը խոնավ է, այդ բանտախցում նստած անձինք արևի լույս չեն տեսնում: Անազատության մեջ գտնվող անձը պետք է կորցնի միայն ազատությունը, այլ ոչ թե կորցնի առողջությունը», - ընդգծեց Դավիթ Հովհաննիսյանը:

Մի շարք իրավապաշտպաններ դատապարտել են Օսիպյանի կալանավորումը՝ շեշտելով, որ վարչապետն ինքն է այդ օրը ագրեսիվ վարք ու վիրավորական արտահայտություններ թույլ տվել:

Այսօր նաև արցախյան հասարակական կազմակերպություններն են համատեղ հայտարարություն տարածել. ապօրինի և անհամաչափ որակելով քրեական գործը՝ ղարաբաղցիները հստակեցնում են, որ Նիկոլ Փաշինյանին Արթուր Օսիպյանի ուղղած հարցերի անկեղծ պատասխանները հետաքրքրում են ամբողջ հանրությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կալանավորված Օսիպյանը շարունակում է հացադուլը, վարչապետից պահանջում՝ ներողություն խնդրելԿալանավորված Արթուր Օսիպյանը հացադուլ է սկսելԱրթուր Օսիպյանը կալանավորվեցՄեղադրանք՝ վարչապետի հետ բարձր տոնով խոսելու համար. դատարանը քննում է Արթուր Օսիպյանին 2 ամսով կալանավորելու հարցը Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Արթուր ՕսիպյանինՎարչապետին քննադատած քաղաքացին՝ ճաղերի հետևում. սպառնացող վարչապետը՝ անպատժելիՓաշինյանի հետ վիճաբանությունից հետո արցախցի տղամարդը ձերբակալվել էՓաշինյանի քարոզարշավի 11-րդ օրը ևս ուղեկցվեց միջադեպերով