Armat Media-ի խմբագրությունը «կապարակնքվել է». առգրավվել են հեռախոսներն ու համակարգիչները

Խուզարկությունը Armat Media-ի խմբագրությունում, Երևան, 5-ը հունիսի, 2026թ.

Իրավապահներն այսօր ավելի քան հինգ ժամ խուզարկեցին Armat Media-ի խմբագրությունը, որի սեփականատերը «Ուժեղ Հայաստան»-ի թիմի առանցքային անդամ, կալանավորված Ալեքսան Ալեքսանյանն է:

Ընդդիմադիր լրատվամիջոցի խմբագիրների փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի քննիչները առավոտից մուտք են գործել խմբագիրների և լրագրողների աշխատասենյակներ, առգրավել են հեռախոսներն ու համակարգիչները, մտել են սոցցանցերի իրենց աշխատանքային էջեր, թույլ չեն տվել անգամ զանգահարել փաստաբաններին և նրանց բացակայությամբ էլ սկսել են խուզարկությունը:

«Ուշագրավը գիտե՞ք որն էր՝ որ դատարանի որոշում էին ինձ ներկայացրել, որտեղ գրված էր, որ Armat Media-ի խմբագրությունում իրենք փնտրում են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ, աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող բաներ, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ և տվյալներ», - ասաց Armat Media-ի խմբագիր Աղավնի Սուքիասյանը՝ շարունակելով. - «Առաջին բանը դա են արել՝ միանգամից մտել են համակարգչում մեր սոցցանցի էջեր, և ինչն էր ուշագրավ՝ որ իրենք իրենց հետ բերած կրիչը միացրել են մեր աշխատանքային համակարգչին, և, օրինակ, մենք չգիտենք՝ իրենք բերած կրիչի վրա ինչ ինֆորմացիա կար, որը գուցե ներբեռնել են մեր համակարգիչ»:

Ի դեպ, Armat Media-ի թե՛ խմբագիրներին և թե՛ լրագրողներին քննիչները տևական ժամանակ թույլ չէին տալիս դուրս գալ իրենց աշխատասենյակներից: Ներսից եկող աղմուկը խլացնելու նպատակով քննիչները դռան վրայի փոքր անցքը նախ փակեցին կոնֆետի թղթով, ապա այն փոխարինեցին կպչուն ժապավենով:

«Դուրս եկեք, սա գործողության սենյակ ա, քննչական գործողություն ա կատարվում այստեղ, դուրս եկեք», - ասում էր քննիչներից մեկը:

Երբ լրագրողներին ի վերջո հաջողվեց ներս մտնել խմբագրասենյակ, քննիչները վազքով պատշգամբով հեռացան հարևան սենյակ:

«Իրենք ինչ մտել են այս սենյակ, ես չեմ կարողացել դուրս գալ՝ ո՛չ էս կողմից, ո՛չ էն կողմից, և մեզ արգելում էին դռնից դուրս գալ, արգելում էին դուրս գալ էն հատվածից, էդքանով ազատությունը սահմանափակված է», - նշեց Սուքիասյանը:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Armat Media-ում այսօրվա խուզարկությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական վարույթի շրջանակում է:

«Ուժեղ Հայաստան»-ի առանցքային դեմքերից Ալեքսան Ալեքսանյանը օրերս երկու ամսով կալանավորվեց՝ հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Լրատվամիջոցի պնդմամբ, մինչդեռ, իրավապահները կաթվածահար են արել իրենց աշխատանքը՝ քաղաքական դրդապատճառներով:

«Սա իշխանությունների պայքարն է ընդդեմ ազատ լրատվամիջոցի, ազատ խոսքի, և սա պետք է միջազգային հանրությունը կոնկրետ արձագանքի: Սա այն նախադեպն է, որը հաջորդեց երեկվա մեծ բանավեճին, և ստացվում է այնպես, որ մեծ բանավեճից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը հստակ պարտվեց իր խոսքով, այսօր արդեն հարձակում գործեց լրատվամիջոցի և ազատ խոսքի դեմ: Սա միայն քաղաքական է», - պնդեց խմբագիր Նելլի Ավետիսյանը:

Ավելի ուշ արդեն Armat Media ժամանեցին ոստիկանները` թերևս հսկելու խմբագրության աշխատասենյակների մուտքն ու ելքը, նրանք հրաժարվեցին ասել, թե ում կանչով են եկել խմբագրություն:

«Կարախանյան է ազգանունս, Մարաշի բաժնի պետի տեղակալն եմ», - ներկայացավ ոստիկանանության աշխատակիցը:

Փաստաբան Լիաննա Գասպարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց՝ խմբագրության խուզարկությունն ուղեկցվել է բազմաթիվ ապօրինություններով, ինչը բողոքարկելու են:

«Նաև որոշում կար, որ դռները կնիքեն, որպեսզի անձինք ներս չմտնեն իրենց աշխատասենյակ: Այդկերպ, հարգելիներս, փորձում են ամեն կերպ խոչընդոտել նաև ձեր գործընկերոջ՝Armat Media-ի գործունեությունը», - լրագրողներին ասաց փաստաբանը:

Ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր մրցակից, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ի դեմ մի քանի տասնյակ քրեական գործեր են հարուցվել՝ ընտրակաշառքի և հավաքներին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու հոդվածներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

27 ընդդիմադիրներ ճաղերի հետևում. «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը հերքում են մեղադրանքներըԱլեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեցՔԿ․ բացահայտվել է մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման դեպք, ձերբակալվել է Ալեքսան Ալեքսանյանը