«Արհեստական բանականությունն է գեներացրել Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութը»

Քննչականը հրաժարվում է միջազգային փորձաքննությունները կցել գործին:

Երեք երկրների՝ Ռուսաստանի, Չեռնոգորիայի և Սերբիայի փորձագետները միակամ եզրահանգել են՝ Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը ստեղծված են արհեստական բանականությամբ, պնդում է կալանավորված արքեպիսկոպոսի փաստաբանը:

«Ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն», - հայտարարեց Արսեն Բաբայանը՝ այսօր ներկայացնելով միջազգային փորձաքննությունների արդյունքները:

Ըստ դրանց, Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող հայտնի ինտիմ տեսանյութերը չեն նկարահանվել տեսախցիկներով, այլ ստեղծվել են համակարգչային ծրագրով, և անձի նույնականացումը այդ տեսանյութերով անհիմն է ու տեխնիկապես անհնար:

«Նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ և խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված սինթեզին և կամ արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման, փոփոխության», - ասաց փաստաբանը:

Բաբայանն ամիսներ առաջ համացանցում մեծ աղմուկ հանած տեսանյութերն ուղարկել էր հինգ տարբեր երկրներ: Դեռ երկուսի եզրակացությունը չի ստացել: Ասում է՝ սա չեն արել Քննչական կոմիտեի համար, որի եզրակացությունը նույն տեսանյութի մասին հակառակն է պնդում, սա արել են՝ ևս մեկ անգամ հաստատելու Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքերը, որ տեսանյութերում ինքը չէ: Միջազգային փորձագետները հաստատել են սրբազանի խոսքերը, պնդում է փաստաբանը;

«Արդյո՞ք հնարավոր է նույնականացնել տեսագրությունում պատկերված անձանց. սա իմ վեցերորդ հարցն է, որ բոլորին, բոլոր փորձագետներին տվել եմ: Պատասխան՝ ներկայացված նյութի հուսալի դեմքային նույնականացում կատարել հնարավոր չէ», - փոխանցեց Արսեն Բաբայանը:

Բաբայանին այս փորձաքննության եզրակացությունները տվել են Ռուսաստանից դատական փորձագետ Ալեքսանդր Կոդին, Չեռնոգորիայից՝ տեղեկատվական գիտությունների դոկտոր Նիկոլ Ցմիլյանիչը, Սերբիայից՝ դատական փորձագետ Էնվեր Նուխովիհը:

«Չեն ստեղծվել տեսաձայնագրող սարքով՝ կամերայով չեն, այ սենց կամերաներով չեն նկարվել, էլի, կամ որևէ այլ կամերայով չի նկարվել», - ասաց փաստաբանը:

Եթե միջազգային փորձաքննությունները մի քանի տասնյակ էջից են բաղկացած, ապա Քննչականինը մեկ էջում զետեղված մի քանի տող է: Հայաստանցի փորձագետը եզրակացրել է՝ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը:

«Ազատության» ձեռքի տակ հայտնված փաստաթղթում մասնագետը ոչ թե վերլուծում է տեսանյութերը, այլ համեմատում է երկու լուսանկար՝ մեկն Արշակ սրբազանինն է, մյուսը՝ տեսանյութում պատկերված տղամարդունը: Փորձագետը եզրահանգել է՝ պատկերված անձանց ճակատային, քթային և կզակի շրջանների ձևերը համընկնում են: Համընկնում է նաև սանրվածքի ձևը՝ մասնավորապես բակերը, և ճաղատությունը: Երկուսն էլ կրում են օպտիկական ակնոցներ:



«Հետո ասել են՝ դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, և հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է: Է, կարելի է եզրակացնել, կարելի է և չեզրակացնել: Բայց հիշեցնեմ կրկին, որ գլխավոր հարցը՝ տեսագրությունը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, այդպես էլ չի տրվել», - ընդգծեց Արսեն Բաբայանը:

«Միջազգային փորձաքննություններն ապացույց չեն». ՔԿ

Քննչականն արդեն հայտարարել է, որ փաստաբանի այլընտրանքային փորձաքննությունները չեն դիտարկի որպես ապացույց, քանի որ դրանք ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել իր կողմից: Սա նշանակում է, որ Քննչականը շահագրգռված չէ հասնելու արդարադատության, պնդում է փաստաբանը:

«Քննչականը դա պիտի շատ վաղուց սկսեր, որի վերաբերյալ Արշակ սրբազանը իր ցուցմունքում նաև ասել է, որ «թեև այդ հոդվածի իմաստով ես տուժող չեմ, որովհետև անձնական կյանքի կամ ընտանեկան գաղտնիքի բացահայտում չի եղել, բայց իմ նկատմամբ իրականացվել է ատելության տարածում, սերմանում, եկեղեցու նկատմամբ, այս կեղծիքի միջոցով», հետևաբար՝ այո, հորդորել է, որպեսզի այդ ուղղությամբ քննություն իրականացվի», - ասաց Բաբայանը:

Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը համացանցում հայտնվեցին քեռակնոջ ու սրբազանի մասին վարչապետ Փաշինյանի աղմկահարույց գրառումից հինգ ամիս անց: Հարուցվեց քրեական գործ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով, բայց այսօր էլ կալանքի տակ գտնվող բարձրաստիճան հոգևորականը հայտարարում է՝ իր այդ իրավունքը չի խախտվել, քանի որ ինքը չէ կադրերում:

Փաստաբանը պնդում է՝ Քննչականը պետք է պարզի, թե ով կամ ովքեր են արատավորել հոգևորականի բարի համբավը, ատելություն սերմանել նրա հանդեպ: Իրավապահ կառույցից, սակայն, չեն մանրամասնում՝ որ փուլում է գործի քննությունն ու ինչու չեն քննում սրբազանի պահանջը:

«Սա ընդամենը քաղաքական պատվեր է, և իրավապահ համակարգը և արդարադատության մարմինները ակնհայտորեն, տեսանելիորեն սպասարկում են քաղաքական իշխանության շահերը», - հայտարարել էր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Վարչապետի հակակաթողիկոսական արշավին չմիացած Մայր Աթոռի դիվանապետն այժմ կալանքի տակ է մեկ այլ գործով: Իրավապահները պնդում են, թե նա 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել: Բարձրաստիճան հոգևորականը մեղադրանքը չի ընդունում, այն քաղաքական է համարում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արհեստական բանականությունն է գեներացրել Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութը». փաստաբան«Ակնոցն ու բակերը՝ որպես ապացույց». միջազգային փորձագետներ՝ տեսանյութը կեղծ է, Քննչական՝ Արշակ սրբազանն էԱրշակ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց երկու ամսովԻրավապահները խուզարկել են Արշակ արքեպիսկոպոսի հարազատների տները«Փորձում են թուլացնել Վեհափառին». 4-րդ սրբազանը՝ ճաղերի հետևումԻնչո՞ւ է ՔԿ-ն Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսագրության փորձաքննության եզրակացությունը տրամադրել երրորդ անձիԻ՞նչ գործողությունների մասին է ԱԱԾ-ն ակնարկել Արշակ սրբազանինՔԿ. Փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսն էԱրշակ սրբազանն իրեն վերագրվող ինտիմ տեսանյութի գործով ցուցմունք է տվել«Բաղնիք, ննջարան ... » . ո՞վ է ապօրինի տեսանյութի հեղինակը