«Կարող են իմ հետևից էլ գալ, իմ առաջից էլ գալ, որևէ ձևով կաշկանդված չեմ, որևէ խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ՝ ես ո՛չ այն տարիքում եմ, ո՛չ էլ այն վիճակում եմ, որ որևէ քայլ կատարելուց առաջ հնարավոր հետևանքների մասին չպատկերացնեմ», - Մայր Աթոռի դիվանապետն այս հայտարարությունն արեց երկուշաբթի. հինգշաբթի արդեն Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց նրան, ուրբաթ էլ դատարանը կալանավորեց երկու ամսով:
Սրբազանը մեղադրվում է թմրամիջոց իրացնելու հոդվածով, մեղքը չի ընդունում
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են յոթ տարի առաջ՝ 2018 թվականին, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով: Նա մեղքը չի ընդունում: Փաստաբանները կալանքի որոշումը կբողոքարկեն: Դատական նիստից հետո փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարեց՝ այլ որոշում դատավոր Մասիս Մելքոնյանից չէին էլ սպասում. «Որևէ մեկը կա՞ր, որ դեռ երեկ չգիտեր, որ 2-ամսյա կալանքը լինելու է», - ասաց Բաբայանը:
Դատավոր Մելքոնյանը, որ վերջին կես տարում կալանավորել է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք գործիչների, արժանահավատ է համարել Քննչականի պնդումները, որ ազատության մեջ Մայր Աթոռի դիվանապետը կխոչընդոտի գործի քննությանը: «Մինչդեռ մեր որևէ փաստարկ դատարանը չընդունեց», - «Ազատությանը» փակ նիստից մանրամասներ պատմեց մյուս փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Առաջին հերթին՝ հաշվի առնելով իր դիրքը եկեղեցու ներսում, փորձում են մեկուսացնել, թուլացնել Վեհափառին: Երկրորդը՝ դրանով փորձում են մյուս սրբազանների մոտ վախ առաջացնել և ինչ-որ չափով ցույց տալ, որ «տեսեք՝ եթե Արշակին կալանավորեցինք, հաջորդիվ՝ հեսա գալու ենք ձեր հետևից»: Հասկանալով, որ Վեհափառը պինդ է, իր կողքին ունի նվիրյալներ, ես չեմ զարմանա, որ հաջորդիվ փորձեն գնալ նաև Վեհարան, փորձեն նաև Վեհափառին ձերբակալել», - լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Մայր Աթոռն այսօր խստորեն դատապարտել է Արշակ արքեպիսկոպոսի կալանավորումը, նրա նկատմամբ մեղադրանքը «մտացածին ու անհիմն» համարելով: Էջմիածինը սա դիտարկում է որպես «Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման շարունակություն»: Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել բանտում գտնվող բոլոր հոգևորականների հետապնդումները:
Արշակ սրբազանն, ի դեպ, կալանքը կկրի ԱԱԾ տարածքում գտնվող բանտում, որտեղ պահվում են նաև Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները:
Քաղաքական հետապնդում է. փաստաբան
Ինչո՞ւ Քննչականը դեռ 7 տարի առաջ հարուցված գործի շրջանակում հիմա սկսեց գործողություններ իրականացնել այն բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ, որը մայիսից կաթողիկոսի հետ միասին հայտնվել է վարչապետ Փաշինյանի թիրախում:
«Այս գործը ոչ միայն շինծու է, այլև ծիծաղելի է, աբսուրդային է, բանական մարդը այս նյութը կարդալու դեպքում՝ կհասկանա, որ սա քաղաքական հետապնդման, բռնաճնշման, ռեպրեսիայի ցայտուն դրևսորում է», - պնդում է Արշակ արքեպիսկոպոսի փաստաբաններից Սերգեյ Հարությունյանը:
Քննչականը մանրամասներ է հայտնում
Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ կոմիտեի նախագահն է հանձնարարել վեր հանել նախկին գործերն ու ակտիվ քննություն սկսել: Ըստ իրավապահների, Արշակ Սրբազանի ցուցումով է տեղի ունեցել դեպքը: Ըստ այդմ, դիվանատան քարտուղարը գործով չպարզված անձի հետ, միմյանց փոխլրացնելով, դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց են դրել: Հետո Արշակ սրբազանի ցուցումով քարտուղարը զանգահարել է ոստիկանություն, հայտնել թմրամիջոցի մասին, ավելին՝ ոստիկանություն են ուղարկել պայուսակի նկարը:
Արքեպիսկոպոսի փաստաբանները շինծու են որակում 7 տարի առաջ կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ տեղի ունեցած այս միջադեպը, որը դրվել է մեղադրանքի հիմքում: Ո՛չ ապացույց կա, ո՛չ էլ Սրբազանի դեմ ցուցմունք, հավաստիացնում է փաստաբանը: Հարությունյանը նկատում է՝ փաստացի տարիներ անց անազատության մեջ է հայտնվել ոչ թե թմրամիջոց պահողը, այլ՝ հոգևորականը: Կալանավորված Արշակ սրբազանի փաստաբանի խոսքով.- «2025 թվականի հուլիսին արդեն ուղղվածությունը նախորդ 18 թվականի գործից տեղափոխվում է դեպի Արշակ սրբազան, պահվում է այս գործը, երբ գործիքակազմը չի հերիքում այլ կերպ դեպի եկեղեցի գնալու, անհրաժեշտ պահին օգտագործվում է մեկօրյա էն փութաջան, ջանասիրաբար, ցայտնոտ ռեժիմով հասնում ենք նրան, որ այսօր՝ այս պահին, Արշակ սրբազանը կալանավայրում է»:
Տարիներ առաջ կաթողիկոսի հրաժարականը պահանջած ու արդյունքի չհասած «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողներից Կարեն Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում երեկ հիշեց այն օրը, երբ 2018-ին Վեհարանի տարածքում ակցիա էին անում: Նրա պնդմամբ՝ այդ օրը ոստիկանությունից զանգ են ստացել, թե իրենց միացած կարգալույծ քահանայի քրոջ որդու պայուսակը պիտի ստուգեն, ահազանգ ունեն:
«Բնականաբար, մենք տղայի հետ վերցրինք պայուսակը, քանի որ ինձ էին զանգել ոստիկանությունից, որ պետք է նայեին, պայուսակը մոտեցրինք ոստիկաններին, ոստիկանները խուզարկություն կատարելով պայուսակում, ոչ մի արտառոց բան չտեսան», - ասում է Կարեն Պետրոսյանը:
Ոստիկանները եկել էին, պայուսակը ստուգել ու զարմացել՝ ոչ մի կասկածելի բան: Բայց մեկ ժամ անց նորից էին ստուգել ու հայտնաբերել սպիտակ փոշենման զանգված, պնդում է Կարեն Պետրոսյանը: Հարուցվել էր քրեական գործ, շարժման շատ անդամներ հարցաքննվել էին: Պետրոսյանի խոսքով. «Խոսել եմ մարդկանց հետ, ովքեր ահազանգ են արել ոստիկանություն, այդ զրույցի ժամանակ փաստվել է, որ ոստիկանություն զանգելու ցուցումը ստացել են դիվանապետից: Ինքը որտեղից գիտեր դրա մասին: Եվ այդ ժամանակ էլ որոշ սարկավագներ փաստում էին, որ այդ զանգը, որ իրենք կատարել են ոստիկանություն, եղել է դիվանապետի ցուցմամբ, դիվանապետն այդ ժամանակ Արշակ սրբազանն էր»:
2018-ին Փաշինյանի իշխանության գալուց հետո ստեղծված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը կարճ ժամանակ անց մարեց: Վերջին յոթ ամսում կաթողիկոսին գահից հեռացնելու պայքարին լծված Փաշինյանն այն ժամանակ այս շարժմանը չէր աջակցել, ավելին՝ հայտարարել էր՝ սա ներեկեղեցական հարց է, որին կառավարությունը չպետք է միջամտի: