Կալանավորված Արեգնազ Մանուկյանի 13-ամյա աղջկա հետ հոգեբան է աշխատում: Մասնագետը ներգրավվել է Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ՝ երեխայի լավագույն շահից ելնելով:
Շուրջ մեկ ամիս մոր հետ շփումից զրկված երեխայի մոտ, փաստաբան Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ, հոգեբանական խնդիրներ են առաջացել, ինչն արձանագրել է հենց հոգեբանը:
Առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու որոշումից բացի, նաև արգելել էր 46-ամյա կնոջը շփվել հարազատների՝ ներառյալ 13 տարեկան աղջկա և 85-ամյա մոր հետ:
Նախկին պատգամավորը կալանավորվեց հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով: Արեգնազ Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում:
«Պարզ է, որ դեռահասության տարիքում գտնվող երեխայի նկատմամբ չէր կարող դա բացասական հետևանք չունենար, և հոգեբանը ներգրավվել է: Հոգեբանը ներգրավվել է, երեխան այցելում է հոգեբանին, շատ մանրամասներ չեմ ուզում ասել, բայց նույնիսկ մենք ունենք արդեն իսկ տրված հոգեբանի եզրակացությունը, որն ասում է, որ երեխային մեծագույն սթրես է պատճառվել, երեխայի մոտ առկա են որոշակի արդեն իկս հոգեսոմատիկ դրսևորումներ՝ կապված հենց էդ կալանավորման և էս շփման բացակայությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սողոյանը:
Արեգնազ Մանուկյանի դստեր հարցը վերջին օրերին ակտիվ քննարկվում է նաև խորհրդարանում: Պնդելով, որ երկրում արդադատություն չկա, իսկ կալանքը իշխանությունն օգտագործում է իր ընդդիմախոսներին պատժելու համար, ընդդիմադիր պատգամավորները բերում էին հենց Մանուկյանի 13 տարեկան երեխայի օրինակը:
«Ինչի՞ եք էդ էրեխուն տանջում: Որ ինքը գա իրա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞», - հայտարարում էր, մասնավորապես, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը, - «Դուք չանդրադարձաք նրան, որ խափանման միջոցն օգտագործվում է որպես տանջանք, չանդրադարձաք, որ դուք էդ էրեխուն տանջում եք: Էրեխա է, հասկանո՞ւմ եք, ինքը չի կարա մայրը սենց աչքով մի բան ասի, ինքն էլ գնա փաստաբանին ասի, չէ, այ սենց փոխի էս քո ցուցմունքը, որ չասեն, թե դու շպիոն ես»:
Ի դեպ, երբ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ընտրության օրը նախկիններին մեղադրում էր բռնաճնշումների մեջ՝ պատմելով, թե ինչպես հոր՝ Կարապետ Ռուբինյանի կալանավորումից հետո ինքն իր 18-ամյակը նշել է առանց նրա, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցնում էր, որ հենց այսօր Արեգնազ Մանուկյանի երեխան է զրկված մոր հետ շփումից:
Ի դեպ, մի քանի օրից Մանուկյանի դուստրը կնշի իր ծննդյան 14-ամյակը:
«Հիմա, օրինակ, կա 13 տարեկան աղջիկ երեխա, ով իր մայրիկին տեսնելու, խոսելու հնարավորություն պարզապես չունի», - ասում էր Խամոյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հասմիկ Հակոբյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասում էր, թե իհարկե ցավում է երեխայի համար, բայց միաժամանակ հիշեցնում էր, թե ինչի մեջ է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը:
«Շատ ցավում եմ, որ 13-ամյա աղջիկը, որը իմ դստեր տարիքին է, հնարավորություն չունի մորը տեսակցելու: Բայց նաև որպես պատգամավոր, հաշվի առնելով նաև՝ ինչ մեղադրանք է առաջադրված, իսկ դուք գիտեք, որ ծանրագույն մեղադրանք է, իրավապահ համակարգը նման սանկցիա է մտածել, որոշել», - նշում էր Հակոբյանը:
Փաստաբանը, մինչդեռ, հակադարձում է՝ Արեգնազ Մանուկյանին միջին ծանրության մեղադրանք է ներկայացված: Բայց անգամ ծանրագույն հոդվածներով մեղադրվող անձանց չեն արգելում շփվել երեխաների հետ:
«Արեգնազ Մանուկյանը չի մեղադրվում պետական դավաճանության մեջ, Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը ենթադրություն է այն մասին, որ ենթադրաբար որևէ պետական գաղտնիք հավանաբար փոխանցվել է Արեգնազ Մանուկյանի կողմից Անդրանիկ Թևանյանին: Դա իր բովանդակությամբ հանդիսանում է միջին ծանրության հանցանք, և եթե նույնիսկ էդ միջին ծանրության հանցանքը տեղի ունեցած լիներ, ինքը իր բնույթով չէր կարող հիմնավորեր երեխայի հետ շփման արգելքի անհրաժեշտությունը», - պնդեց Տաթևիկ Սողոյանը:
Անցած ամսվա վերջին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելեցին կալանավորված Մանուկյանին, ինչից հետո ՄԻՊ-ը մոր հետ երեխայի շփման արգելքի հարցը բարձրացրել էր իրավասու մարմինների մոտ: Խնդիրը, սակայն, առայսօր հանգուցալուծում չի ստացել:
Ավելին, շուրջ երեք շաբաթ պաշտպանական կողմը փորձում էր հասկանալ՝ ինչո՞ւ Վերաքննիչ դատարանում Արեգնազ Մանուկյանի գործն այդպես էլ չի մակագրվում որևէ դատավորի:
Պաշտպանները Մանուկյանի կալանավորման և սահմանափակումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին վերադաս ատյանում: Դատարանը դիմումը ստացել էր դեռ հուլիսի 20-ին, բայց Մանուկյանի գործի նյութերն այդպես էլ Վերաքննիչ չէին հասնում:
«Փնտրվում է Արեգնազ Մանուկյանի բողոքը և բողոքի նյութերը, որոնք դուրս են եկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանից՝ առաջին ատյանի, և այդպես էլ Վերաքննիչ դատարան չեն հասել», - ասաց Տաթևիկ Սողոյանը:
Այն բանից հետո, երբ այսօր «Մայր Հայաստան»-ի անդամները ցույց կազմակերպեցին դատարաններին վերահսկող Բարձրագույն դատական խորհրդի առջև՝ պնդելով, որ այդ կառույցը նույնպես մեղսակից է 13-ամյա երեխայի տանջանքների համար, պարզ դարձավ, որ Մանուկյանի գործը երեկ երեկոյան ժամը 8-ին մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին: Այդ մասին ԲԴԽ-ից փոխանցեցին հենց ցույցի ընթացքում: Ի դեպ, դրանից ընդամենը մի քանի րոպե առաջ Բարձագույն դատական խորհուրդը մերժել էր ընդունել փաստաբանին՝ հորդորելով գրավոր շարադրել բողոքը:
«Որ կգնաք տուն, ձեր 13-ամյա երեխաներին կտեսնեք, կհիշեք Արեգնազ Մանուկյանի երեխային», - հայտարարեց ընդդիմադիր կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը: