Արձագանքներ՝ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ կատարված հրաձգությանը

Դոնալդ Թրամփին տարհանում են ընթրիքի սրահից, ապրիլի 25

Ամերիկացի և օտարերկրացի պետական և քաղաքական գործիչներն արձագանքել են Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքին կատարված հրաձգությանը: Միջոցառմանը ներկա էին Սպիտակ տան ղեկավարը, առաջին տիկինը, այլ պաշտոնյաներ:

«Ժողովրդավարական հաստատությունների կամ ազատ մամուլի դեմ ցանկացած հարձակում պետք է խստագույն կերպով դատապարտվի, - X-ում գրել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, - Թեթևացած եմ զգում, որ ԱՄՆ նախագահը, առաջին տիկինը և բոլոր ներկաներն ապահով են»։

«Բռնությունը քաղաքականություն մեջ տեղ չունի, երբեք», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրոպացի պաշտոնյան արագ արձագանքի համար երախտագիտություն է հայտնել իրավապահներին։

Արձագանքել է նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը դադարեցնելու միջնորդ Պակիստանի վարչապետը։

«Թեթևացած եմ զգում, որ նախագահ Թրամփը, առաջին տիկինը և բոլոր ներկաները ապահով են», - X-ում գրել է Շահբազ Շարիֆը՝ հավելելով, որ իր մտքերն ու աղոթքները Թրամփի հետ են։

Ադրբեջանի նախագահը ևս անդրադարձել է կատարվածին։ Իլհամ Ալիևը նշել է, որ «նման բռնարարքներն անընդունելի են և պետք է հստակ դատապարտվեն»։

Միջադեպին է անդրադարձել նաև կոնգրեսական, Ներկայացուցիչների տան նախկին խոսնակ և Թրամփի քաղաքական հակառակորդ Նենսի Փելոսին․ «Մեծ թեթևություն է՝ իմանալ, որ նախագահը, առաջին տիկինը և Սպիտակ տան թղթակիցների ընթրիքին բոլոր ներկաներն ապահով են»։ Նա ավելացրել է, որ իր աղոթքները վիրավոր սպայի և քաղաքական բռնության միջադեպերից տուժած անձանց հետ են։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկնաբանել էր միջադեպը՝ շեշտելով՝ «բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում»:

Հրաձգության համար կասկածվողը ձերբակալվել է։ Ըստ Թրամփի՝ նա գործել է միայնակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուրախ եմ, որ նախագահ Թրամփն ապահով է և ամուր․ ՓաշինյանԹրամփը վստահեցնում է՝ հրաձգության միջադեպն իրեն հետ չի պահի Իրանի պատերազմը հաղթելուց